211652_close_icon
views-count1666 դիտում article-date 14:27 10-07-2015

Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար

Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է.այն գերազանցում է սահմանված նորմը 9-ով: Ուստի ծրագրի նպատակն է իրազեկել նշված համայնքներում կանանց և նրանց ընտանիքներին սելեկտիվ աբորտների բացասական հետևանքների մասին, նպաստել խնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանը, սեռով պայմանավորված աբորտների կրճատմանը: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքների 20-ական բնակիչներ մասնակցեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» թեմայով երկօրյա դասընթացների: Կազմակերպվեցին հանդիպումներ «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր բժիշկների և տնօրենների, ծննդատան աշխատակիցների, համայնքի բնակիչների հետ: Դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև ՀՀ և միջազգային օրենսդրությանը, մասնակցեցին տեսաֆիլմերի (https://www.youtube.com/watch?v=o06sK7Nojj0 և այլն) ցուցադրության: «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական ՀԿ-ի նախագահ Սևակ Սևանյանը նշեց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել ու մանրամասնեց. «Բուռն քննարկումներ էին ընթանում: Նուրբ հարցեր էին քննարկվում, այդ պատճառով էլ մասնակիցները սկզբում խուսափում էին անկեղծ պատասխաններ տալուց: Սկզբում ասում էին, որ նման խնդիր չկա, բայց հետո, երբ փորձագետի համապատասխան աշխատանքի շնորհիվ ավելի անկաշկանդ էին դառնում, պատմում, որ նման խնդիր գոյություն, իհարկե, ունի: Օրինակ` մեկը պատմեց, որ ամուսինը կնոջից նեղացել է այն պատճառով, որ նա աղջիկ երեխայի է սպասում»: Սևակ Սևանյանի փոխանցմամբ` ծրագրի արդյունքները վկայում են այն մասին, որ նման խնդիր առաջանում է ֆինանսական, տնտեսական դժվարությունների պատճառով, ու ընտանիքներում մտածում են, որ եթե երեխա է ծնվելու, ապա գոնե տղա ծնվի: Ծրագրի ավարտին մասնակիցների շրջանում բաժանվել են հարցաթերթիկներ, որտեղ գրանցված արդյունքների համաձայն` մասնակիցները կարծում են, որ նման ծրագրերը պետք է անցկացվեն պետական մակարդակով և ունենան պետական վերահսկողություն: Մասնակիցներն առաջարկել են նաև աղջիկ երեխաների համար սահմանել խրախուսումներ, ինչը կօգնի խնդրի լուծմանը: Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում կլուծվի նաև Դպրաբակ համայնքի ֆուտբոլի դաշտի հարցը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր