211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:14 28-11-2014

Գյուղական համայնքներում կանայք առաջարկում են արտոնություններ ու խրախուսումներ սահմանվել աղջիկ երեխա ունենալու դեպքում

«Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունն Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներում (Այգեշատ, Արաքս, Արմավիր, Արազափ, Հայկավան, Մյասնիկյան, Նորավան, Ջրաշեն, Սարդարապատ, Փշատավան) անցկացնում է հանդիպումներ, որոնց ընթացքում աշխատանքներ է տանում բնակչության շրջանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Հերթական հանդիպումը նոյեմբերի 27-ին Սարդարապատ գյուղի ամբուլատորիայում էր։ Այստեղ բժիշկն ու փորձագետը հանդիպեցին բուժաշխատողների, երիտասարդ մայրերի, կանանց հետ՝ ներկայացնելով հղիության արհեստական ընդհատման հետևանքները, սելեկտիվ աբորտների պատճառով ժողովրդագրական շեղումները և այլն։ «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտ Սեդրակյանը զարմանալի է համարում այն, որ կինը ոչնչացնում է իր տեսակը. «Որքան հեռանում ես քաղաքից, այնքան ավելի սուր է դրվում այս խնդիրը։ Նույնիսկ կինը շատ դեպքերում մտածում է, որ տղա չունենալը ռիսկի գործոն է, և կարող է ամուսնական կապի խզման պատճառ դառնալ։ Ինֆորմացիայի մեծ պակաս կա։ Ցանկանում են, որպեսզի մարդիկ գան, ինչ-որ խնդիրների մասին խոսեն, մասնագետները պատասխանեն իրենց հարցերին։ Ընդ որում, հեռավոր գյուղերում մարդիկ ավելի խոցելի են»։ Մարգարիտ Սեդրակյանը նշում է, որ հանդիպումների ընթացքում բարձրացվում են տարբեր թեմաներ. մասնավորապես, եթե հարցը կենցաղային, նյութական որևէ բանի հասնելն է, ապա կանացի խորամանկություններով կարողանում են հասնել իրենց ուզածին։ «Հիմա ի՞նչն է պատճառը, որ իրենց երեխաներին պաշտպանել չեն կարողանում։ Կանայք խոստովանում են, որ այդ խնդրում մեղքն իրենցն է, և եթե շատ ուզենան, ապա հարցը կլուծեն»։ ՀԿ նախագահն ընդգծում է, որ հանդիպումները կազմակերպվում են բուժամբուլատորիաներում, քանի որ վերջիններս ինֆորմացիա տարածող օղակներ են։ Տպագրվել և գյուղերում բաժանվում են թեմայի տարբեր կողմերին անդրադարձող տեղեկատվական բուկլետներ։ Քննարկման մասնակիցները հանդես եկան նաև առաջարկներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել սելեկտիվ աբորտները։ Մասնավորապես, ցանկալի է որոշակի արտոնություններ ու խրախուսումներ սահմանվել աղջիկ երեխա ունենալու դեպքում. օրինակ, մեծ գումար հատկացվի, կամ հետագայում աղջիկ երեխայի ուսումը բուհերում կազմակերպվի անվճար։ Հանդիպման ընթացքում կանանցից մեկը նշեց. «Աղջիկ ունենալը երջանկություն է, տղա ունենալը՝ անհրաժեշտություն։ Այն մայրերը, ովքեր դուստրեր չունեն, պարզապես դժբախտ են»։

Նմանատիպ նյութեր