2729 դիտում
15:13 13-07-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրաքի իի գործընկեր Ֆարյադ Ռավանդուզիի հետ։
Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի հետ։
Հասմիկ Պողոսյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015 զարգացման օրակարգում» միջազգային համաժողովին Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի մասնակցությունը և ելույթը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն» կլոր սեղանի շրջանակում:
ՀՀ մշակույթի նախարարն Իրաքի իր գործընկերոջն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Իրաքում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով և շեշտել, որ ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսացել նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների հետևանքով մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով:
«Հայաստանը խստագույնս հետևում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային արժեքների ապօրինի տեղաշարժման կոնվենցիայի դրույթների կատարմանը։ Մենք հետևողական կլինենք եւ մեկ անգամ եւս մեր ենթակառուցվածքներին կզգուշացնենք, որպեսզի ուշադիր լինեն մշակութային արժեքների ներմուծումն ու արտահանումը կանխելու համար»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը։
Զրույցի ընթացքում Իրաքի մշակույթի նախարարն անհանգստություն է հայտնել Իրաքում պատերազմական գործողությունների եւ ազգամիջյան հակամարտությունների պատճառով մշակութային արժեքները վտանգելու եւ ոչնչացնելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը կիսում է Իրաքի մտահոգությունը, քանի որ մեր երկիրը ևս ունի հակամարտություններ եւ փակ սահմաններ հարևան պետություններից երկուսի հետ։
ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո երկու երկրները քայլեր են ձեռնարկել տարբեր` այդ թվում նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Երկու երկրների բարեկամական հարաբերությունները պահպանելու գործում էական դեր է ունեցել Իրաքի ոչ մեծաթիվ հայ համայնքը, որն իր ներդրումն ունի Իրաքի քաղաքական, հասարակական, մշակույթի կյանքում:
Զրույցի ընթացքում Ֆարյադ Ռավանդուզին նշել է, որ Իրաքի հայերը լիարժեք կյանքով են ապրում, բայց ազգային մշակույթի հետ ավելի հաճախակի շփման պահանջ ունեն։ Հասմիկ Պողոսյանն արձագանքել է, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ մշակութային նախաձեռնություններով, միայն թե պետք է հստակեցնել տեղի հայ համայնքի մշակութային ծրագրերի նախընտրությունը։
ՀՀ մշակույթի նախարարն ափսոսանք է հայտնել, որ այլևս հնարավոր չէ մասնակցել Իրաքի «Բաբելոնյան» աշխարհահռչակ փառատոնին, որին Հայաստանը նախկինում ակտիվ մասնակցություն է ունեցել։
Կողմերը քննարկել են նաև մշակութային համագործակցությանն ուղղված փաստաթուղթ ստեղծելու հնարավորությունը։
Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ֆարյադ Ռավանդուզին նվիրել է հայոց այբուբենով նկարազարդված խորհրդանշական հուշանվեր եւ պատմական Հայաստանի մշակութային հուշարձանները ներկայացնող ժողովածու։
Նմանատիպ նյութեր
6991 դիտում
16:28 12-07-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարի հետ. ֆոտոշարք
3438 դիտում
18:18 14-07-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի հետ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան