1293 դիտում
19:03 22-07-2015
Բարելավվում է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը
ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ընթացքում դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը և ՀՀ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրեցին շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և մեծահասակների դեղերով ապահովմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությունը։
Վարդուհի Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը լուրջ քայլեր է իրականացնում պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի, մասնավորապես` շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովման բարելավման ուղղությամբ: Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այսպիսով, առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:
Ծրագրի շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, ավելի քան 18 տարի լայնորեն կիրառվում են աշխարհում: Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Դրա հետ մեկտեղ ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը` թույլ տալով ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության ցանկացած վայրում՝ դպրոցում, իսկ երիտասարդները՝ ուսումնական հաստատություններում: Կարևոր է նաև, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն ինսուլինի կորուստները։
Հնգամյա պայմանագրի կարևոր բաղադրիչն է հումանիտար ծրագիրը, որի շրջանակում հանրապետությունում կստեղծվեն դիաբետի ուսուցման 4 կենտրոն, որոնք կվերանորոգվեն, կապահովվեն ժամանակակից սարքավորումներով, այդ թվում` գլյուկոհեմոգլոբինի անալիզատորներով` իրենց թեստ-ժապավեններով, դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով։ Միաժամանակ կիրականացվեն մասնագետների վերապատրաստումներ։ Պակաս կարևոր չէ, որ կստեղծվի դիաբետով հիվանդ երեխաների տվյալների շտեմարան:
Ելենա Աղաջանովան շեշտեց, որ դիաբետն ապրելակերպ է։ Այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։
«Մեր երեխաներն առ այսօր մշտապես ապահովվում էին որակյալ ինսուլինով։ Ողջունելի է նախարարության հերթական նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս ևս մեկ քայլ առաջ գնալ։ Երեխաներն այժմ ապահովվում են իրենց օրգանիզմում արտադրվող ինսուլինի բիոռիթմին ավելի մոտ ինսուլինով»,-ասաց գլխավոր մանկական էնդկրինոլոգը` որպես կլինիցիստ մանրամասն անդրադառնալով դրա առավելություններին, այդ թվում` արագ ազդեցությանը։ Նա նաև ներկայացրեց դիաբետի դպրոցների գործառույթները, նրանց կողմից որդեգրված նոր մոտեցումները։ Նունե Փաշայանը տեղեկացրեց, որ ըստ միջազգային հաշվարկների, նման դպրոցներում ներդրվող յուրաքանչյուր 1 դոլարի ծախսարդյունավետությունը հասնում է 5 դոլարի կամ հետագա բուժման ծախսերը կրճատվում են 37 տոկոսով։
Վարդուհի Գրիգորյանը հավելեց, որ անմիջապես արտադրող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով նախարարությունը կարողացել է բարձրացել դեղերով ապահովվածության մակարդակը, մատակարարումն իրականացնել պատշաճ և անխափան:
ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն շաքարային դիաբետով տառապող հիվանդներին 100 տոկոսով, առանց ընդհատումների պետության կողմից կենտրոնացված կարգով ինսուլիններով ապահովելու նպատակով հնգամյա պայմանագիր է կնքվել անմիջապես արտադրողից` «Նովո-Նորդիսկ Ա/Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
Նույն կարգով 5-ամյա (2015-2019թթ.) պայմանագիր կնքելու շնորհիվ ֆրանսիական դիաբետոն 60 մգ դեղը ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում ավելի մատչելի գնով։ Ընդ որում, արտադրող կողմը յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով նախատեսված դեղի քանակի 10 տոկոսը հատկացնելու է որպես մարդասիրական օգնություն։ Հնգամյա պայմանագիրը հնարավորություն է ընձեռում նախկին տարիների 30 տոկոս ապահովվածության մակարդակը հասցնել մինչև 100 տոկոսի։
Դիաբետոն 60 մգ դեղի առաջին խմբաքանակը ձեռք է բերվել և հուլիսի 1-ին սահմանաված կարգով հատկացվել բժշկական բոլոր հաստատություններին:
Նշենք, որ Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետ ունեցող շուրջ 80 հազար հիվանդ, նրանցից 450-ը երեխաներ են, որից 177-ը` 18-22 տարեկան:
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
08:37 20-02-2014
Հնդկական արտադրության դեղահաբերը ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
1447 դիտում
09:41 24-04-2014
Էժան ինսուլինը լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
1564 դիտում
13:19 16-05-2014
Ինչ որակ ունի շաքարային դիաբետով հիվանդներին պետության կողմից տրվող ինսուլինը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»