37002 դիտում
09:44 31-07-2015
Դժբախտ պատահար «Դուբայ» գիշերային ակումբ-հյուրանոցի մոտ. 54-ամյա վարորդը «Զիլ»-ով բախվել է գովազդային վահանակին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Զովունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Դուբայ» գիշերային ակումբ-հյուրանոցի դիմաց, «Զիլ» մակնիշի 19 ՍԼ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 54-ամյա Ռաֆիկ Ավագյանը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Դուբայ» գիշերային ակումբի գովազդային վահանակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին մինչև շտապ օգնության ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, նշված հատվածում գործող «Миллион роз» ծաղկի սրահի աշխատակիցները՝ սրահի տնօրենի գլխավորությամբ, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ և թիվ 15 հատուկ հրշեջ-ջոկատի աշխատակիցների հետ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց նա մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ սրտի կաթված է ստացել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արտաշես Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+