40165 դիտում
09:52 03-08-2015
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 38-ամյա վարորդը 250մ Opel-ով գլորվելով` հայտնվել է դաշտում. նրա դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 38-ամյա Սամսոն Ծատուրյանը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դեպի Ճամբարակ ընթանալիս իր վարած Opel մակնիշի 35 ԼP 907 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել սահքի մեջ և մոտ 250 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ծատուրյանը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղանքը բավականին դժվարանցանելի է եղել և փրկարարները 1 կմ –ից ավել պատգարակով տեղափոխել են դին:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օօպերատիվ խումբը` բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ:
Ողջ գիշեր դեպքի վայրում հսկողություն են կատարել նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտյոմ Ղազարյանն ու համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Անդրանիկ Գյուրջինյանը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վաշտի հարամանատարն ու Տավուշի ոստիկանապետը մահացածին Ճանբարակի շտապօգնության բժիշկների և հրշեջների հետ տեղափոխել են Ճանբարակի հիվանդանոց:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` ավագ քննիչ Մերուժան Գալստյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարում էր քննչական աշխատանքները:
Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությանբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Ծատուրյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա և ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի:
Հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե նշված հատվածում պատկան մարմինները տեղադրեին արգելապատնեշներ, ապա հնարավոր էր, որ ավտոմեքենան բախվեր արգելապատնեշներին և այն գլխիվայր շրջվելով չէր հայտնվի դաշտում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+