1214 դիտում
17:25 21-08-2015
Հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ. Արսեն Մկրտչյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում հանդիպել է հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած անձանց, ներկայացրել Հայաստանում հաշտարարի ինստիտուտի զարգացման հեռանկարները և այլ երկրներում արդեն իսկ ներդրված համակարգի փորձն ու դրա արդյունավետությունը:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ ներդրվող այս ինստիտուտին, նշել է, որ մեր երկրում արդեն ունենք այն մթնոլորտը, որ բոլոր կողմերը ձգտում են վեճն ավարտել հաշտությամբ:
«Բայց կան շատ վեճեր, որոնք թե՛ արհեստածին են, և թե՛ կողմերի շփման տեսանկյունից խնդրահարույց: Հենց այդ տեսակի վեճերն են, որոնց լուծման համար անհրաժեշտ է հաշտարարի միջամտությունը»,- ասել է Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ այս ինստիտուտի արդյունավետ գործարկման համար ներդրվել են բոլոր մեխանիզմները, որոնց արդյունքում համակարգը կկայանա, և բավական մեծաքանակ վեճեր կավարտվեն հաշտությամբ:
«Դրա հաշվին կշահեն բոլորը. թե՛ կողմերը, և թե՛ պետությունը կունենան էական տնտեսումներ, իսկ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Արսեն Մկրտչյանը՝ ներկաներին ցանկանալով առաջիկա քննությանը հաջող մասնակցություն, իսկ հաշտարարի աշխատանքում՝ անկողմնակալություն:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ից մեկնարկած հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած 60-ից ավելի քաղաքացու ներկայացվել էին ՀՀ ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրությունը, հաշտարարության գործընթացի կազմակերպումն ու անցկացումը, գործերի կառավարման հմտությունները, կոնֆլիկտների կառավարման ձևերը, հաշտարարության գործընթացում հանդիպող առարկությունների հետ տարվող աշխատանքները, ընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները և այլն:
Հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերության հետ համատեղ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
23:50 04-10-2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
848 դիտում
16:48 10-03-2015
Կներդրվի հաշտարարության ինստիտուտը
1590 դիտում
13:37 04-09-2019
Դատավորներն աշխատում են սոսկալի ծանրաբեռնվածությամբ. ԲԴԽ-ն այն նվազեցնելու քայլեր է ձեռնարկում
Այս բաժնից
2773 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3922 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին