211652_close_icon
views-count50471 դիտում article-date 15:54 05-09-2015

Ինչո՞ւ է վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթի գյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզի Կոթի գյուղ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Կոթի գյուղում վարչապետը հանդիպում ունեցավ կոթեցիների հետ, ովքեր իրենց խնդիրներով կիսվեցին Հ. Աբրահամյանի հետ: Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Գոհ ենք, որ վարչապետը պաշտպանության նախարարով, արտակարգ իրավիճակների նախարարով էկել են Կոթի: Մի դուզ գյունի պաշտոնյա մեկ էլ տեսել էինք մեր գյուղացուն՝ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Մենք գիտենք, որ համ Վանոյի խոսքն ա ցեմենտ-բիտոն էղել, համ էլ Հովիկ Աբրահամյանի, ով զիզիբիզի բաների հետևից ընկնող չի: Նա գյուղացու մատից փուշ հանող ա, ու մենք ավելի ենք ամրապնդվում, որ այս օրերին իրենք այցելել են մեր գյուղ»: Գյուղացիներն ասում էին նաև, որ իրենց գյուղի փեսա է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղի երիտասարդությունը, ովքեր հիմնականում ուսանողներ են, խնդրանքով դիմեց վարչապետին, որպեսզի լուծվի Երևանի ԲՈՒՀ-երում սովորող գյուղի բնակիչների ուսման վարձը, մասնավորապես, վճարումը կրճատվի 50 տոկոսով՝ հաշվի առնելով, որ գյուղը սահմանամերձ է: Կանայք էլ խնդրեցին, որպեսզի դպրոցի 4-րդ դասարանից բարձր երեխաների դասագրքերի խնդիրը լուծվի, քանի որ կան ընտանիքներ, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում և չեն կարող վճարել գրքերի համար: Այս հարցի լուծումն իր վրա վերցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանին հանձնարարեց, որպեսզի գրքերի համար վճարվելիք գումարի ցանկը տրամադրի, ինչից հետո պաշտպանության նախարարը այդ հարցին լուծում կտա: Ինչպես սահմանամերձ շատ գյուղերում, Կոթիում էլ բնակիչներին անհանգստացնում է իրենց անվտանգությունը: Գյուղացիները բարձրացրին այն հարցը, որ լավ կլինի, եթե գյուղն ունենա ապաստարաններ: Մի քանի գյուղացիներ էլ խնդիրներ ունեին՝ գյուղատնտեսության նախարարի հետ կապված, և վարչապետը կարգադրեց, որպեսզի առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը գյուղնախարարն այցելի Տավուշի մարզ, մասնավորապես, Կոթի: Գյուղացիներն ասում էին, որ՝ չենք կասկածում վարչապետի խոսքերին, քանի որ նա նաև տարիներ առաջ մեր գյուղի պատվավոր քաղաքացին է դարձել: «Դե, պաշտպանության նախարարի խոսքին էլ չենք կասկածում, որովհետև մեր գյուղի փեսան է»,-ասացին նրանք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր