41950 դիտում
16:57 10-09-2015
Արտակարգ դեպք Պտղնի գյուղում. վայրկյանների ընթացքում խոտով բարձված ЗИЛ-ը վերածվել է մոխրակույտի. գյուղացիների հույսը մարզպետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 60-ամյա Քաջիկ Բաբայանը իրեն պատկանող ЗИЛ 130 մակնիշի 17 ԼՕ 381 համարանիշի ավտոմեքենայով Պտղնի գյուղում անակնկալ նկատել է, որ ավտոմեքենայում բարձված խոտի տուկերում հրդեհ է բռնկվել:
Մինչ կժամաներ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, գյուղի ժողովուրդն իրենց ուժերով փորձել են մարել կրակը, սակայն չեն կարողացել, քանի որ խոտը չոր է եղել և կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջները կրակը մարել են, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է նշված ճանապարհահատվածով անցնող ցածր էլեկտրալարը: Ըստ հավաքվածների՝ հրշեջները ուշացումով են ժամանել դեպքի վայր, սակայն նրանք էլ պնդում են, որ իրենք չեն ուշացել:
Ընդհանուր նյութական վնասը կազմում է մոտ 3 մլն դրամ, իսկ թե ով է փոխհատուցելու, Ք. Բաբայանը չգիտի:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վերջինս ընտանիքի միակ կերակրողն է և նշված ավտոմեքենայով էր կարողանում հոգալ ընտանիքի սոցիալական խնդիրները: Մի քանի գյուղացիներ էլ ֆոտոլրագրողին ասում էին. «Վստահ ենք, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը օգնության ձեռք կմեկնի տուժած գյուղացուն, ինչը, իրոք, կլինի մարդկային քայլ մարզպետի կողմից»:
Տուժած Ք. Բաբայանը ֆոտոլրագրողին ասում էր նաև, որ ավտոմեքենայի մեջ է եղել նաև իր վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխանձնագիրը և 200 հազար դրամ և այդ գումարով ինքը պետք է ձմեռային անվադողեր գներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+