1391 դիտում
18:26 11-09-2015
Մեր նպատակն է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ. Ա. Աշոտյան
Ծաղկաձորի "Ռոսիա" հյուրանոցում այսօր մեկնարկել է "Կրթության որակ և համապատասխանություն" վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և "Կրթության բարելավում" ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովի նպատակն է վարկային ծրագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային տեսակետից:
"Մեր նպատակներից առաջինն է, որպեսզի հանությունը տեղեկացված լինի՝ ինչպես են ծախսվել վարկային ծրագրի գումարները: Երկրորդը՝ աջակցել լրատվական դաշտին՝ իրականացնել կրթության և գիտության ոլորտի առավել արհեստավարժ և նպատակային լուսաբանում, քանի որ կրթության ոլորտն ամենասոցիալիզացված ոլորտներից է, և հանրությանը ճշգրիտ և պրոֆեսիոնալ տեղեկատվություն հաղորդելու խնդիր է առաջանում: Երրորդ՝ համաժողովը հնարավորություն է հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ՝ վերջիններիցս տեղում ստանալու իրենց բոլոր հարցերի պատասխանները: ԿԳՆ-ն չի պատկերացնում իր աշխատանքը՝ առանց ԶԼՄ-ների հետ փոխշահավետ համագործակցության:
Մեր նպատական է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ, և այստեղ մեծ է նաև լրագրողների դերը՝ հասարակության շրջանում եղած խնդիրների մասին ահազանգել նախարարություն",-նշել է նախարարը՝ անդրադառնալով վարկային ծրագրի բովանդակությանը և խնդիրներին: Արմեն Աշոտյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում ծրագրի բաղադրիչները հընթացս փոխվել են՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին:
"Ծրագիրն իրականացվել է բացարձակ թափանցիկության և արյունավետության պայմաններում: Ավելին, գնումների գործընթացում առաջ են եկել բազմաթիվ խնայողություններ: Ավագ դպրոցների գույքի համալրման գործընթացից առաջացած խնայողության արդյունքում միայն քսան տոկոսով ընդլայնվել է ծրագրում ներառված դպրոցների ցանկը",-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ծրագրի հիմնական ուղղություններին: "Առաջին կարևոր բաղադրիչը ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումն է: Նախադպրոցական կրթությունն ամենաթույլ օղակն է եղել անկախության տարիների ընթացքում. համայնքների 2/3-ում բացակայել է որևէ նախադպրոցական հաստատություն: Ծրագրի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 280 նախակրթարան, որտեղ հաճախում է շուրջ 20000 երեխա:
Կարելի է վստահաբար ասել, որ սա ամենարդյունավետ ծրագրերից մեկն է, և կարևոր է, որ ապահովվել է նաև ծրագրի շարունակականության հարցը: Այսինքն՝ արդեն հիմնված նախակրթարանները պետբյուջեից կշարունակեն աջակցություն ստանալ՝ նաև ծրագրի ավարտից հետո: Երկրորդ կարևոր բաղադրիչն ավագ դպրոցների զարգացումն է: Ծրագրի շրջանակում բոլոր ավագ դպրոցները համալրվել են ժամանակակից ուսումնական գրականությամբ, լաբորատորիաներով, գրադարաններով, վերապատրաստվել են ուսուցիչներ: Հետևելով վիճակագրությանը՝ երևում է, որ հաճախ մարզերի ավագ դպրոցներն իրենց արդյունավետությամբ գերազանցում են մայրաքաղաքի դպրոցներին:
Իհարկե, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ հատկապես կապված 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հետ, սակայն վստահեցնում եմ, որ ծրագիրն անշեղորեն շարունակելու ենք",-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ծրագրի երրորդ կարևոր բաղադրիչը բուհական համակարգում հավատարմագրման ինստիտուտի ստեղծումն է և զարգացումը: "Ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ը համալրվել է համապատասխան ռեսուրսներով, ինչպես նաև բուհերում ներմուծվել է որակի ապահովման մշակույթը: Որոշ բուհեր արդեն անցել են ազգային հավատարմագրում, իսկ որոշները նաև՝ եվրոպական հավատարմագրում: Չորրորդ կարևոր բաղադրիչը նորարարության մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ 10 բուհերում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրերի իրականացումն է: Այս բաղադրիչի արդյունավետությանն է անդրադարձել նաև Համաշխարհային բանկի տնօրենը՝ ՀՀ փորձը մատնանշելով որպես օրինակելի",-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն իր բացման խոսքի եզրափակիչ մասում անդրադարձել է դպրոցի նկարագրին:
" Հանրակրթության ոլորտում մեր տեսլականն է՝ առաջինը. պահել ազգային դպրոցի ավանդույթները և ստեղծել ազգային բովանդակությամբ դպրոց: Երկրորդը. պահպանել խորհրդային դպրոցի այն ավանդույթները, որոնք դեռ կարող են պիտանի լինել, մասնավորապես, գիտելիքի և մանկավարժի արժևորումը, բնագիտական առարկաների կարևորությունը և այլն: Եվ երրորդ՝ կրթական համակարգը պիտի լինի նաև ժամանակակից: Այսինքն՝ ազգային, միաժամանակ ժամանակակից դպրոց՝ սա է մեր տեսլականը",-նշել է Արմեն Աշոտյանը:
Նախարարի ելույթից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական հաստատությունների, ավագ դպրոցների կայացման, կրթության ոլորտում մի շարք երկրների հետ համագործակցության խնդիրներին և այլն:
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
18:43 24-01-2018
Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում փակցվել են անհրաժեշտ տեղեկատվությամբ հայտարարությունների ցուցատախտակներ
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
733 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված