211652_close_icon
views-count3761 դիտում article-date 10:18 12-09-2015

Հակոբ Ղազանչյանի կինը գրավադրել է Թատերական գործիչների միության շենքը՝ բնակարան գնելու համար. «168 Ժամ»

«168 ժամը» տեղեկացնում է, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել, իսկ միության շենքը գրավի տակ է: Ըստ տարածված լուրերի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 17-ին: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին՝ նույն դատարանի շենքում: Թերթը հեռախոսազրույց է ունեցել ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանի հետ, ով հաստատել է լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել: Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղևոնդյանին, ինչպես նաև՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ վարկային պարտավորությունների դիմաց երաշխավորներ են կանգնել ինչպես Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այնպես էլ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, վարկի դիմաց գրավադրվել է Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր