Իրանը ՄԱԳԱՏԵ-ին է հանձնել «Փարչին» միջուկային օբյեկտից վերցված նմուշներ
Իրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին են հանձնել Փարչինի միջուկային օբյեկտից վերցված նմուշներ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, սակայն, որ նմուշները վերցվել են ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ հաջորդ փորձանմուշները վերցնելու ժամանակ հնարավոր է ներկա լինեն նաև ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն այցելել է Փարչինի օբյեկտ, ուր երկար ժամանակ Իրանը չէր թույլատրում օտարեկրյա ոչ մի փորձագետի մուտք գործել: