211652_close_icon
views-count6716 դիտում article-date 19:00 27-09-2015

Ինչպես տարբերել սերը կապվածությունից

Կապվածությունն ու նախանձը համարվում են սոցիալական չարիքների հիմնական աղբյուրները: Կարծիք կա, թե չափավոր և հիմնավոր նախանձը երբեմն կարող է մրցակցության դրդել: Իսկ քանի որ ազնիվ մրցակցությունն ազատ հասարակության առաջընթացի գրավականն է, ուրեմն նախանձը ոչ բոլոր դեպքերում է չարիք: Այս տեսակետը հիմնովին սխալ է: Իրականում նախանձը չի կարող լինել բարի, չափավոր, հիմնավոր, և ոչ էլ մրցակցային: Նախանձը ամբողջությամբ չարիք է, սնվում է ագահությամբ, փառասիրությամբ, մեծամտությամբ և այդօրինակ մեղքերով: Կար ժամանակ, երբ հասարակությունը բաժանված էր կաստաների, և յուրաքանչյուրը գիտեր իր տեղը: Այդ հասարակության համար վտանգավոր էր ոչ միայն նախանձը, այլև՝ մրցակցությունը, որը սպառնում էր կազմաքանդել կաստայական կարգը: Եվ մրցակցային ազնիվ նախաձեռնությունն անգամ որակվում էր որպես նախանձի արտահայտություն ու միանշանակ դատապարտվում: Ներկայում ազատ մրցակցության հակառակորդները, ինչպես նաև՝ մեծամիտները նախանձը միտումնավոր շփոթում են մրցակցության հետ: Էական տարբերությունն այն է, որ մրցակցության հետաքրքությունը մրցակցային առարկան է, իսկ նախանձի թիրախում ուրիշի հաջողությունն է: Մրցակցությունը մարդուն մղում է ավելի մեծ ձեռքբերումներ, նվաճումներ ունենալու, և դրանք կիսելու ուրիշների հետ, հասարակությանը ծառայելու, նրա համար ավելի շատ բարիք ստեղծելու: Իսկ նախանձով առաջնորդվողը ձգտում է հետ թողնելու ուրիշին, սեփականը հաստատելու և ուրիշին ընկճելու համար: Կապվածությունը երբեմն շփոթում են սիրո հետ: Կապվածությունը չի առաջացնում սեր, այլ կախվածություն, կարոտ: Իսկ սերը չի առաջացնում կապվածություն, այլ ուրախություն: Կապվածությունը կաղապարում է մտածողությունը: Իսկ սերը ընդլայնում է մտահորիզոնը և հասկանալի դարձնում նույնիսկ անտեսանելին: Կապվածության ամենահայտնի հետևանքներից է խանդը: Եթե կա կապվածություն, ապա անպայման կլինի խանդ: Իսկ սերը հիմնված է վստահության վրա: Առանց վստահության կարող է լինել կապվածություն, բայց առանց վստահության չի կարող լինել սեր: Եվ ուրեմն եթե կա խանդ, ապա կա կապվածություն, բայց ոչ սեր: Կապվածությունը կտրում է իրականությունից, ընկերությունից, հասարակական կյանքից և առաջացնում է դեպրեսիա: Իսկ սերը ազատագրում է, դարձնում ավելի ուշադիր, հոգատար, մարդասեր, օրինապահ, բարեպաշտ: Կապվածությունն առաջացնում է տագնապներ, վախեր, թե կարող ես կորցնել այն, ինչի հետ կապված ես: Սերն ընդհակառակը՝ արիություն, խիզախություն, ինքնավստահություն, համարձակություն է ներշնչում: Սերը բերկրանք, երջանկություն է պարգևում, իսկ կապվածությունն ընդամենը լցնում է ժամանակը: Կապվածությունը նեղացնում է հետաքրքրությունները կապվածության առարկայի շուրջ, խորթություն է ստեղծում այն ամենի նկատմամբ, ինչը կապվածության առարկայի հետ ուղղակի առնչություն չունի: Իսկ սերը թևեր է տալիս, որոնցով ուզում ես գրկել ոչ միայն սիրո առարկան, այլև բոլորին, ամբողջ աշխարհը: [b]Թաթուլ Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր