211652_close_icon
views-count1742 դիտում article-date 13:46 27-09-2015

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ Սենագալի նախագահության կողմից կազմակերպած հանդիպմանը։ Անդրադառնալով երկու շաբաթից Երևանում մեկնարկող ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը և նշեց, որ Հայաստանը ուրախ է հյուրընկալելու նման հեղինակավոր և ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը։ Իր խոսքում Էդվարդ Նալբադյանը անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, հակամարտությունների կարգավորմանը, անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարին, վերջին շրջանում մեծ թափ ստացած միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրներին, Փարիզում այս տարվա վերջին կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովին։ Ընդգծելով, որ Երևանում կայանալիք արտգործնախարարների համաժողովին սպասվում է շուրջ 80 անդամ և դիտորդ պատվիրակությունների մասնակցություն՝ Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդման և միջազգային բեմահարթակում նրա դերակատարության բարձրացման գործում։

Նմանատիպ նյութեր