211652_close_icon
views-count1244 դիտում article-date 12:38 28-09-2015

Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ

Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը և պահոցը (ռեզերվուար) գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետներն են, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: Մարդու համար վարակի աղբյուր կարող են լինել հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը պայմանավորված է վնասվածքի/կծվածքի տեղակայմամբ, ծանրությամբ և կարող է տատանվել մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի: Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում): Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, արագ ոչնչանում է մինչև 560 տաքացնելիս: Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կծելու, մաշկը թքոտելու դեպքում, մանավանդ, երբ կա մաշկի վնասվածք, ԱՆՄԻՋԱՊԵՍ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

Նմանատիպ նյութեր