1641 դիտում
14:41 28-09-2015
Երիտասարդական նվագախումբը և աշխարհահռչակ Արա Մալիկյանն Իսպանիայում ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ավստրիայի հեղինակավոր «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում» ելույթներ ունենալուց հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական կանգառն Իսպանիան էր։ Երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկու համերգով հանդես է եկել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ, ով առաջադրվել է լատինամերիկյան Գրեմմի մրցանակի։
Սեպտեմբերի 25-ի ելույթը կայացել է իսպանական Սարագոսայի «Մոցարտ» համերգասրահում, իսկ սեպտեմբերի 26-ի համերգը՝ Մադրիդի Թագավորական թատրոնում։ Նշենք, որ համերգների տոմսերը ելույթից դեռ շաբաթներ առաջ սպառվել էին։
Երաժիշտներն արժանացել են հանդիսատեսի աննախադեպ ընդունելության։ Հնչել են Խաչատրյանի, Մենդելսոնի, Պագանինիի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կատարումներ «Լեդ Զեփելինի» ռեպերտուարից։ Երաժիշտները կատարել են Արա Մալիկյանի «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ընդ որում, «1915» գործը գրված էր հենց այս համերգների համար։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախմբի և իր՝ որպես դիրիժորի համար շատ հետաքրքիր է աշխատել Արա Մալիկյանի նման ինքնատիպ արտիստի հետ։
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:
Սերգեյ Սմբատյանը նշում է, որ 2016-ին փորձելու են հրավիրել Արա Մալիկյանին Հայաստան, քանի որ նա հայ ժողովրդի հերոսներից է։ «Մենք միշտ հայերի ենք փնտրում այլ ազգերի մեջ, բայց մոռանում ենք, որ ունենք իրական հայ հերոսներ, ովքեր աշխարհում մտածելակերպ են փոխում, ձևավորում հայ մարդու կերպարը Հայաստանի սահմաններից դուրս»,- ասում է Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը։
[b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
[/b]
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
15:04 16-11-2015
Երիտասարդական նվագախումբը և Ջանլուկա Մարչիանոն ոգեկոչեցին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»