211652_close_icon
views-count1303 դիտում article-date 15:27 08-10-2015

Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, նշել է, որ այն բազմաթիվ ամիսների աշխատանքի արդյունք է: «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց, և հորդորում եմ բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»,-ասել է վարչապետը: Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016թ.-ին:

Նմանատիպ նյութեր