211652_close_icon
views-count958 դիտում article-date 18:26 08-10-2015

Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ Սեյեդ Քազեմ Սաջջադը իր աշխատանքով կնպաստի հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու փոխշահավետ համագործակցության խորացմանը: Դեսպան Սաջջադին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության առավել զարգացման համար: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող և հեռանկարային ծրագրեր, անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սաջջադին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն հայտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր