211652_close_icon
views-count1194 դիտում article-date 15:17 10-10-2015

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում: Այս տարվա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: ԱՀԿ և ՀԱՀՖ մեկնաբանությամբ` արժանապատվությունը հոգեկան առողջության ոլորտում ներառում է. • ազատություն բոլոր տեսակի բռնություններից և չարաշահումներից • ազատություն խտրականությունից • անկախություն և ինքնորոշում • ներառում համայնքային և հասարակական կյանքում • մասնակցություն քաղաքականության մշակման գործընթացին: Նշվածները ոչ միշտ են առկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում, սակայն այս կամ այն չափով խնդիր են աշխարհի բոլոր երկրներում: Հոգեկան առողջության խնդիրների դեպքում որակյալ, մատչելի հոգեբուժական օգնություն և արժանապատիվ վերաբերմունք ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մատուցվող ծառայությունները բարելավման կարիք ունեն: Վերջին շրջանում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, այդ թվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը և 2015-19թթ. գործողությունների պլանը, միաժամանակ նախատեսվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիր իրականացնել, ինչը շատ օգտակար կլինի բարեփոխումների իրականացման գործում: ԱՀԿ տվյալներով` 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խնդիր, աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չի ստանում, իսկ շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է: Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ:

Նմանատիպ նյութեր