211652_close_icon
views-count1293 դիտում article-date 19:00 12-10-2015

Խոստովանությունը՝ որպես հաջողության հասնելու գրավական

Ավելի քան 70 տարի խոստովանությունը քննչական-քրեադատավարական գործընթացների դրվագ էր: Կարմիր տեռորի տարիներին կասկածյալին ծեծում էին այնքան, մինչև խոստովանում էր, որ անգլիական լրտես է, հետո գնդակահարում էին: Իսկ եթե չէր խոստովանում, ապա ծեծելով սպանում էին: Այդ հիշողությամբ խոստովանությունն այսօր ընկալվում է որպես գնդակահարությանը նախորդող քայլ, որի օգնությամբ հնարավոր է շրջանցել ծեծն ու կտտանքները: Խոստովանությունն ունի նաև կրոնական իմաստ: Քրիստոնեական կյանքում խոստովանությունը մեղքից ազատվելու ճանապարհ է: Որոշ եկեղեցիներում հատուկ խցերում հավատացյալը խոստովանում է, իսկ քահանան լսում է ու խորհուրդներ տալիս, թե ինչպես քավի մեղքերն ու հնարավորինս խուսափի մեղքերից: Բացի խորհուրդներից, պարտավորվում է աղոթել խոստովանողի հոգու փրկության համար: Այս խոստովանությամբ մարդը զղջում, ապաշխարում է քահանայի հետ զրուցելով, ազատվում մեղքի ծանրությունից և հուսադրվում, որ ներվելու է: Խոստովանության ամենատարածված տեսակը սոցիալականն է: Սոցիալական խոստովանությունը ընկերային, ինչպես նաև՝ սիրային հարաբերություններում ազատություն ունենալու անհրաժեշտ պայմանն է: Օրինակ. ամուսինները, սիրահարները, հարազատները կամ մտերիմները միմյանց հետ կիսվում են ամեն հարցում և միմյանցից գաղտնիք չեն պահում: Խոստովանությունն այստեղ ընդգրկում է մարդու կյանքի բոլոր դրվագներն ու մանրամասները, իրադարձությունները, մտքերը, գաղափարները, հույզերը, զգացմունքները, ամեն ինչ՝ առանց որևէ բացառության: Կա պատկերավոր մի օրինակ, ըստ որի երկու մարդ նմանվում են սնամեջ կիսագնդերի, իսկ միասին կազմում են գունդ, որի մեջ լցվող հեղուկը խորհրդանշում է նրանց միությունը: Եթե կիսագնդերը անցքեր կամ ճաքեր ունեն, ապա միությունը չի ստացվում, որովհետև այդ անցքերից ու ճեղքերից հեղուկը թափվում է: Սա նշանակում է, որ եթե հարազատները միմյանցից գաղտնիքներ են պահում, ապա նրանց կիսագնդերն ամբողջական չեն, ճեղքեր ու անցքեր ունեն, և նրանց միությունը կարող է փլուզվել առաջին փորձության, բաժանման կամ վեճի ժամանակ: Այս խստովանությունը որպես թերապիա օգտագործում են հոգեբանները: Գեղագիտության մեջ կա այսպիսի կանոն. «Գեղեցիկ է այն, ինչը տեսնում ես ամբողջությամբ»: Կանոնից բխում է, որ գեղեցիկ առարկան կարելի է այնպեսի հատույթով դիտել, որ երևա տգեղ, իսկ տգեղ է այն, ինչը կիսատ է երևում, ոչ ամբողջական: Մարդկային հարաբերություններում ամբողջական պատկեր կարելի է ստանալ խոստովանությամբ: Երբ մարդն ամեն ինչ պատմում է իր մասին, այսինքն՝ խոստովանում է, ապա դառնում ճանաչելի, գեղեցիկ, վստահելի, սիրելի ընկեր, բարեկամ, հարազատ, որի հետ առանց ափսոսանքի կարելի է կիսել ամեն ինչ, որի հետ կարելի է գնալ մինչև աշխարհի ծայրը: Այդ վստահությունը մարդուն այնքան ուժ և ազատություն է հաղորդում, որ կարող է իրագործել ցանկացած գործ ու ծրագիր: Այսպիսով, հաջողության գրավականը խոստովանությունն է: Խորհրդանշական բառերով ասած՝ ազատվիր ամենից, ինչ ունես և կունենաս ինչ ուզես: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր