211652_close_icon
views-count1307 դիտում article-date 22:52 20-10-2015

Դեսպան Ղազարյանը աշխատանքային այց է կատարել Իտալիայի Գորիցիա քաղաք

Դեսպանը մասնակցեց Տրիեստեի համալսարանի Գորիցիայի մասնաճյուղի միջազգային գիտություններ և դիվանագիտություն ֆակուլտետի կողմից կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. գլոբալ մարտահրավերներ և տարածաշրջանային հնարավորություններ» խորագրով գիտաժողովին: Միջոցառման բանախոսներն էին Հայաստանում Իտալիայի դեսպան Սարգիս Ղազարյանը, նշյալ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գեորգ Մեյրը, համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր Էցիո Բենեդետտին: Բանախոսները ներկայացրեցին Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային արտաքին քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքներն ու խաղաղ կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը: Գիտաժողովի ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին: Այնուհետև կայացավ դեսպան Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի քաղաքապետ Էտտորե Ռոմոլիի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իտալիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, կարևորեցին տեղական ինքնակառավարման մարմինների միջև առևտրատնտեսական ու մշակութային կապերի խթանումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Գորիցիայի առևտրի պալատում առաջիկայում կազմակերպել Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով: Էտտորե Ռոմոլին հպարտությամբ նշեց, որ Գորիցիան Իտալիայի առաջին քաղաքներից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև կայացավ դեսպան Sարգիս Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի պրեֆեկտ Իզաբելլա Ալբերտիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իտալական պատմական կապերի ու ներկայիս հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Միջին Արևելքի իրավիճակի ու փախստականների հիմնախնդրի հետ կապված հարցեր: Գիտաժողովը, ինչպես նաև դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները լուսաբանվեցին իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Նմանատիպ նյութեր