211652_close_icon
views-count1027 դիտում article-date 14:33 22-10-2015

Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառում. ֆոտոռեպորտաժ

ՀՀ մշակույթի նախարարության վարած գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ավելի ճանաչելի և ընկալելի դարձնելու քաղաքականությունը դրսևորվում է միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառներում, որոնց 2015 թվականին մեր երկրի մասնակցությունն աննախադեպ էր: Ֆրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի՝ ավանդական դարձած մասնակցությունն այս տարի ուղիղ համատեքստով կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքին: Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես–տոնավաճառին Հայաստանը ներկայացավ իր առանձին տաղավարով, որն ամբողջությամբ խորհրդանշական ձևավորում ուներ: Ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, այդ թվում՝ ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 400 անուն գիրք: Այցելուների ուշադրության կենտրոնում էր հատկապես տաղավարի առանձին հատվածում ցուցադրված Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրականությունը: Հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես. ներկայացվեցին Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի համահեղինակած «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ» ստեղծագործությունները, որոնք ներկայացրեցին գրքերի հեղինակները: Շնորհանդեսին ներկա էր Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհանդեսի լսարանը լի էր թեմայով հետաքրքրված այցելուներով, որոնք եկել էին տեղեկանալու պատմության լեզվով խոսող մտավորականների արդարացի պահանջին: Շնորհանդեսի գերմանախոս մասնակիցները նվեր ստացան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Հողը կը խօսի» եղեռնազոհ հայ գրողների գերմաներեն ժողովածուի օրինակներ: Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Բուկինիստ» հրատարակչությունների, «Առաջին գրական գործակալության» ղեկավարները և այլք: Արտերկրի հրատարակիչների հետ գործնական հանդիպումներում հնարավոր համագործակցության առանցքում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, ինչի առնչությամբ համագործակցության բազմապիսի պայմանանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք գրական կազմակերպությունների հետ: Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը ՀՀ մշակույթի նախարարությունը նվիրեց Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր