211652_close_icon
views-count1655 դիտում article-date 23:20 23-10-2015

ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբն ավարտում է առաքելությունը Տավուշում

Ավարտվում է ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն: ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Գագիկ Միրիջանյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա: «Նման բարձրակարգ մասնագետների այցերը Հայաստան շատ ողջունելի են: Մենք այս ծրագրերի շնորհիվ առաջին հերթին ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը և այն շարունակական դարձնել»,- ասաց Գագիկ Միրիջանյանը: Բժշկական խմբի կազմում ընդգրկված էին մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ մասնագետներ, որոնք չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, սիրով և բարձր պատրասակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը: «Մենք առանձնացրել ենք այս բժշկական կենտրոնի առաջնահերթությունները, որ մեր առաքելությունը կառուցենք ըստ մարդկանց կարիքների` աջակցելով վիրաբուժությանը, մանկաբուժությանը, սրտանոթային, արյան բարձր ճնշման հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, որոնք այս տարածքի համար լուրջ մարտահրավերներ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսը: Նշենք, որ Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները մեր երկիր ժամանել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր