211652_close_icon
views-count2925 դիտում article-date 19:00 26-10-2015

Դուռը բացեք, որ հաջողությունն ու բախտը ներս գան

Յուրաքանչյուրից՝ ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր ցանկությունների: Սա ամենաիդեալական և ամենաբնական մոդելն է, որն ի սկզբանե իրողություն է եղել: Այսինքն՝ յուրաքանչյուրին տրվել է այն, ինչը նա ցանկացել է: Եվ յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն՝ դրսևորելու իր ընդունակությունները: Հարցն այն է, թե մարդն իր ցանկություններին հավատարիմ է մնացե՞լ, թե՞ ոչ, իր կոչմանը հավատարիմ է մնացե՞լ, թե՞ ձգտել է լինել մեկ այլը, մեկ ուրիշը, իրենից տարբեր մեկը, իրեն դրել կինոյի տղայի տեղը: Շատ ժամանակ մարդը հանգամանքների բերումով, կրթության, դաստիարակության ազդեցությամբ, կամ հոգեկան անհավասարակշռության պատճառով չի կարողանում կողմնորոշվել իրականության մեջ, համարժեք արձագանքել, համարժեք որոշումներ կայացնել: Եվ արդյունքում դավաճանում է իր կոչմանը, առաքելությանը, մասնագիտությանը: Օրինակ, շնորհքով, կրթությամբ ու դաստիարակությամբ դերձակը հրաժարվում է իր կոչումից, չի ցանկանում ասեղ վերցնել: Կամ շինարարը չի ուզում է շինարար լինել, մսագործը՝ մսագործ, ուսուցիչը՝ ուսուցիչ, վարորդը՝ վարորդ: Այդ օրինակներում ակնհայտ է, որ մարդն արհամարում է իր կոչումը, փախչում նրանից, չի ուզում դրսևորվել իր ընդունակությունների շրջանակում: Ցանկությունների և երազանքների դավաճանության օրինակները նույնպես շատ են: Օրինակներ. Մարդը տարիներ երազում է ազատության մասին, բայց երբ ազատություն է ստանում, մերժում է ազատությունը և նախընտրում անազատության ճաղերը, կամ վերջ է տալիս կյանքին: Մարդը երազում է մեծ գումարի, սեփականության, ապահով կյանքի մասին, բայց երբ իսկապես ստանում է բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ, մերժում է, կամ երբ մեծ գումար է շահում, ապա այն մսխում է կայծակնային արագությամբ: Մարդը երազում է մեծ, կրքոտ ու հավերժ սիրո մասին, բայց երբ հայտնվում է երազների սիրո առարկան, նա հաջորդ պահին դավաճանում է նրան՝ մի պոռնիկի հետ, կամ խելակորույս փախչում նրանից ու փակվում իր մենության զնդանում: Երբ հնարավոր լինի հայացք նետել կողքից, ապա տեսանելի կլինի, որ մարդուց այլ ակնկալիք չկա, քան այն, ինչը նա կա՝ ըստ իր մասնագիտության, ունակությունների և ցանկությունների: Այս առումով, նույնիսկ պատահականությունները պատահական չեն, աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում մարդու ցանկություններին ընդառաջ, մարդու կոչման և առաքելության շրջանակներում: Այլ հարց է, որ մարդը երբեմն կորցնում է իրականության զգացողությունը և դավաճանում: Կամ ընկնում է տարբեր վախերի ու բարդույթների մեջ, շրջապատի կամ հասարակական կարծիքի ազդեցության տակ, սխալ քարոզչության ազդեցության տակ ու դավաճանում: Կոչմանն ու երազանքին դավաճանելու համարժեք պատիժը ձախորդության շրջանն է: Այն վրա է հասնում անմիջապես: Կրկնակի դավաճանության դեպքում շրջանն ավելի երկար է տևում: Իսկ երբ դուռը (սիրտը) բաց է, իսկ ճրագը (միտքը) պայծառ, ապա հաջողությունն ու բախտը մշտապես ուղեկցում են, իսկ ցանկությունն ու երազանքն իրականանում են օրինաչափորեն, որովհետև աշխարհն այդպես է ստեղծված: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր