211652_close_icon
views-count2239 դիտում article-date 14:06 04-11-2015

Նախնական պայմանավորվածությամբ՝ վաղը ՌԴ-ից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69400/]վթարի [/url]կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Խորհրդակցության ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Վթարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը: Խորհրդակցությունից հետո Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հանրապետության Նախագահին և վարչապետին: Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները: Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան: Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, ՀՀ վարչապետի որոշմամբ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Երեկ՝ վաղ առավոտից, Գագիկ Բեգլարյանը անմիջական կապի մեջ էր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, ով հայտնել էր, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո: Երեկ հրավիրվել է հանձնաժողովի երկու նիստ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։

Նմանատիպ նյութեր