211652_close_icon
views-count32029 դիտում article-date 20:45 12-11-2015

Խոշոր պայթյուն Հրազդան քաղաքում. վիրավորները տեղափոխվել են Երևան. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետի տեղակալն ու Հրազդանի ոստիկանապետը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոններ ահազանգ է ստացվել , որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետի տեղակալ Սամվել Խմելյանի, Հրազդանի ոստիկանության օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նշված բնակարանից պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին և նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխել են Երևան` Այրվածքաբանական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` Է. Մանուչարյանը նշված բնակարանում միայնակ է մնում, թոռնիկը ծառայում է Հայոց բանակում, տղան` պատիժն է կրում ազատազրկման վայրում: Սարմենը այսօր այցելել է տատիկին և փորձել է 3 կգ-ոց իրանական արտադրության գազաբալոնից դադարեցնել գազի արտահոսքը ու, հավանաբար, անզգույշ է վարվել, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն և վնասվել է տան դուռը, պատերը և այլ իրեր: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի հետաքննչական բաժանմունքի հեռաքննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր