211652_close_icon
views-count1581 դիտում article-date 10:19 13-11-2015

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել

Նոյեմբերի 11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ փոխարտգործնախարարների մակարդակով: Խորհրդատվությունները հայկական կողմից գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը: Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նման միջոցառումների պարբերական անցկացումը, որն արդյունավետ հարթակ է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը քննարկելու համար: Ընդգծվել է հայ-թուրքմենական հարաբերությունների խորացման և զարգացման գործում բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականության հետագա ապահովման կարևորությունը: Խորհրդատվությունների օրակարգում ներառված էր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության հետագա ակտիվացումը, երկկողմ տնտեսական բաղադրիչի հնարավորությունների օգտագործումը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ծավալումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը: Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր