211652_close_icon
views-count5551 դիտում article-date 20:58 14-03-2017

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար և մշակութային կապերի խորացմանը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնմանն ու կատարելագործմանը: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ: Կողմերն առանձնանշեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը: Երկուստեք կարևորվեցին նաև անցկացվող ամենամյա քաղաքական խորհրդատվությունները՝ միմյանց դիրքորոշումների հստակեցման առումով և ընդգծվեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր