Ֆրանսիական օդուժը ինտենսիվ ռմբակոծության է ենթարկել Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաք» Էր-Ռաքքան
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբակոծության են ենթարկել Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այս մասին նշված է Ֆրանսիայի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նախարարության տվյալներով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ մեկ հրամանատարական կետ և ուսումնամարզական ճամբար: Նշվում է, որ հրամանատարական կետը ծառայում էր նաև ջիհադիստների պատրաստման կենտրոն և զենք-զինամթերքի մեծ պահեստ էր, իսկ ճամբարում ահաբեկիչներ էին պատրաստվում:
Ռմբակոծություններն իրականացվել են ֆրանսիական 10 կործանիչների միջոցով:
Հիշեցնենք, որ Փարիզում օրեր առաջ իրականացված մի շարք ահաբեկչությունների զոհ է դարձել 129 մարդ: Երկրում արտակարգ դրություն է մտցվել, որը, ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կարող է 3 ամիս շարունակվել: