211652_close_icon
views-count944 դիտում article-date 14:43 19-11-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավանի մշակույթի տուն, ծանոթացել քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի շրջանակում շուրջ 210 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տնօրեն Անահիտ Բունիաթյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրային հստակ քաղաքականությունը` մշակույթի տան տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ մշակութային օջախի սաների ու նրանց ծնողների համար: Աշխատանքային շրջայցի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոց, որը ևս հիմնանորոգվել է ընթացիկ տարում: Քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով և գնահատել կատարված աշխատանքը: Արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բարսեղյանը նշել է, որ կրթամշակութային հաստատությունը բոլորովին նոր հարմարություններով իր դռներն է բացել շուրջ 520 սաների առջև: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ կրթամշակութային օջախների նորոգման ծրագիրը լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի բոլոր մշակութային օջախներում: «Մայրաքաղաքի մշակութային օջախների խնդիրների հետզհետե կարգավորումը մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում է, և այդ ուղղությամբ վերջին տարիներին մենք իրականացրել ու իրականացնում ենք մի շարք նպատակային ծրագրեր: Այդ համատեքստում մասնավորապես այս տարի մենք շուրջ 20 մշակութային օջախներ ենք նորոգել ու հիմնանորոգել, որոնցից 2-ը` Ավան վարչական շրջանում: Եվս 17-ի նորոգման աշխատանքներ էլ արդեն իսկ նախատեսել ենք 2016 թվականի ծրագրերով: Այս ուղղությամբ մեր ծրագրերը լինելու են շարունակական, և համոզված եղեք, որ առաջիկա մեկ-երկու տարում մենք ամբողջությամբ կլուծենք նաև այս խնդիրը, ինչի արդյունքում էլ մայրաքաղաքում այլևս չենք ունենա քաղաքապետարանի ենթակայության չվերանորոգված մշակութային օջախներ: Ի դեպ, այս հաստատությունների գույքի և երաժշտական գործիքների թարմացումը ևս մեր առաջնահերթությունների շարքում է, ու մենք հետզհետե կկարգավորենք նաև այդ հարցը և այդպիսով կապահովենք այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր մատաղ սերնդի լիարժեք դաստիարակման համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր