211652_close_icon
views-count1360 դիտում article-date 16:57 26-08-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա: Վարչական շրջանի ղեկավարի և շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի նաև արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։ Բացի այդ, նորոգման աշխատանքների ավարտին նախկինում տեղադրված 60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կտեղադրվի 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը՝ այն Երևանի արտաքին տեսքին համահունչ դարձնելու նկատառումով: Հարկ է նկատել, որ այս ծրագրի իրականացումը ևս կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակներից մեկը. «Հյուսիսային պողոտան, որպես ընդհանուր օգտագործման տարածք, իրոք Երևանի կարևոր հանգույցներից մեկն է ու, հատկապես հաշվի առնելով, որ, որպես հետիոտնային տարածք, մշտապես մարդաշատ է, իրոք անհրաժեշտություն կար, որ պողոտայի հատկապես սալահատակը հիմնանորոգվի, բացի այդ նաև որոշակի նոր լուծումներով այն դարձվի առավել արդյունավետ հանգստի գոտի: Եվ ներկայումս այստեղ ընթացող աշխատանքները հենց այդ նպատակով են ու, օգտվելով առիթից, պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի, որ ստանձնեց այդ աշխատանքների իրականացումը: Սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ևս մեկ հրաշալի օրինակ է: Այս աշխատանքների իրականացման համար ընկերությունը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է կատարել և, ըստ էության, սա նվեր է Երևան քաղաքին: Ու որ կարևոր է՝ փոխարինվող սալիկները բարձրորակ են և, մասնագետների հավաստմամբ, դրանք մի քանի տասնամյակ կծառայեն իրենց նպատակին: Ամենակարևորը նաև այն է, որ պողոտայում կավելանա կանաչ զանգվածը, ինչպես նաև նստարանների քանակն ու պողոտայի արտաքին լուսավորությունը, որն, ի դեպ, լինելու է ժամանակակից լուծումներով: Մի խոսքով, աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք իսկապես ներկայանալի ու առավել արդյունավետ տնօրինվող տարածք, որը, համոզված եմ, կարժանանա բոլորի բարձր գնահատականին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 90մ երկարությամբ և 12մ երթևեկելի մասի լայնությամբ ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի այդ հատվածի երթևեկելի և հետիոտն շարժման լարվածությունը։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի շրջանակում երթևեկելի մասի երկու կողմերով նախատեսվում են 4.5մ լայնությամբ մայթեր։ Փողոցի երկարությամբ էլ կտնկվեն ծառեր։ Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

Նմանատիպ նյութեր