211652_close_icon
views-count2862 դիտում article-date 19:48 20-11-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային պաշարների գծով ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յուն, գյուղատնտեսական ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևան, բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Դարեջան Կապանաձեն և այլ պատասխանատու անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը: Չորսամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը մեխանիկական ոռոգումը փոխարկել ինքնահոսի՝ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյանում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգի կառուցման միջոցով: Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ առաքելության այցի հիմնական նպատակն է գնահատել «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» համընդհանուր արդյունքները, ցուցանիշները և ազդեցությունները զարգացման արդյունքների տեսանկյունից և աջակցել ծրագրի իրականացման խոչընդոտների լուծմանը: Ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքներից` նախարար Սերգո Կարապետյանը իր խոսքում հատկապես կարևորել է ոռոգման համակարգում ջրի օգտագործման խնայողատար ռեժիմների կիրառումը, մասնավորապես, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, որն առաջարկել է ներառել առաջիկա ծրագրերում: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ ծրագրի ավարտին հանրապետության ոռոգման համակարգը էականորեն կբարելավվի: Նշելով, որ ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը` պարոն Յուն իր հերթին հավելե է, որ այն մեծապես կնպաստի ոռոգման համակարգի բարելավմանը` դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար: Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր