211652_close_icon
views-count3938 դիտում article-date 12:19 22-07-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 ծրագրի ընթացքը: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ պատվիրակության հետ համատեղ գործուն աշխատանքը կնպաստի ծրագրերի արդյունավետության ապահովմանը: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը: Այդ հաջողություններն ամրապնդելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաև ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Իր հերթին Բեքզոդ Շամսիևը բարձր է գնահատել CARMAC 1 ծրագրի արդյունքները` հավելելով, որ այն հիմք է հանդիսացել ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող ընթացքի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ֆինանսավորմամբ իրականացված արոտավայրերի բարելավման և գնահատմանն ուղղված միջոցառումների շարունակման հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում անասնաբուժական սպասարկման կենտրոնների կողմից իրականացվող արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերը` միաժամանակ կարևորելով անասնաբուժական սպասարկման կենտրոնների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: Կողմերը համակարծիք էին, որ արհեստական սերմնավորումը` որպես ծրագրի կարևոր բաղադրիչ, էապես կարող է նպաստել ոչ միայն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացմանը, այլև կաթնատվության և մթերատվության բարձրացմանը: Անդրադարձ է կատարվել նաև անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարևորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման խնդրին: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով: Կողմերը քննարկել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նմանատիպ նյութեր