11677 դիտում
21:43 20-11-2015
Վրաերթ Երևանում. «Պառնաս» հանդիսությունների սրահի դիմաց 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Թևոսյան փողոցում` «Պառնաս» հանդիսությունների սրահի դիմաց, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Կարեն Բախշյանը իր վարած Opel մակնիշի 84 LA 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի հետիոտնը, ով կլինի 40-ից 50 տարեկան տղամարդ, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+