32521 դիտում
17:06 21-11-2015
Հանրապետության «գաի պլաշչադկաներում» «ասեղ գցելու» տեղ չկա. վարորդների մեծ մասը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մի քանիսը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների վրա տեղադրել են օրենքով արգելված գերձայնային ազդանշան (դռռիկներ):
Բոլոր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50-200 հազար դրամի չափով:
ՃՈ-ն բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, սակայն որոշ վարորդների ասած-չասած՝ միևնույն է, իրենք շարունակում են իրենց վեր դասել օրենքից, սակայն 2 ոտքով ընկնում են ՃՈ աշխատակցի թակարդը ու սկսում են «անպոչ հեռախոս» գործողությունները կատարել՝ փորձելով հեռախոսազանգերի միջոցով համոզել, որպեսզի ՃՈ աշխատակիցն իրենց մեքենան չտեղափոխի տուգանային հրապարակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզերում են հայտնաբերել մեծ թվով օրինախախտ ու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, որոնց «երկաթյա նժույգները» տեղափոխվել են վաշտերի պահպանվող հատուկ տարածքներ, իսկ վարորդները նույնպես ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կան վարորդներ, ովքեր ասես «բռոնիա» արած լինեն «գաի պլաշչադկաները», քանի որ 2-րդ, երբեմն էլ՝ 3-րդ և 4-րդ անգամն է, որ նրանք ճանապարհային երթևեկության խախտում թույլ տալու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար «հյուրընկալվում» են ՃՈ պահպանվող հատուկ տարածքում, իսկ նման դեպքերում ժողովուրդն այդ վայ-վարորդների համար է երևի ասել. «Խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+