1670 դիտում
23:23 24-11-2015
Վարշավայում բացվել է «Հայերը Ռեչպոսպոլիտային ծառայելիս» խորագրով ցուցահանդես
Նոյեմբերի 20-ին Վարշավայի Բանակի թանգարանում տեղի է ունեցել «Հայերը Ռեչպոսպոլիտային ծառայելիս» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայկական հիմնադրամը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Հանրապետության պատերազմի վետերանների և բռնադատվածների գրասենյակի ղեկավար, նախարար Յան Ստանիսլավ Չեխանովսկին, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ցուցահանդեսում ներկայացված գործիչների ժառանգներ և հարազատներ, դիվանագետներ, Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, թանգարանի այցելուներ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Հանրապետության պատերազմի վետերանների և բռնադատվածների գրասենյակի ղեկավար Յան Ստանիսլավ Չեխանովսկին, Վարշավայի բանակի թանգարանի տնօրեն Զբիգնև Վավեռը, Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բողոսևիչը:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում բազում անգամներ ստիպված է եղել պայքարել իր անկախության և ազատության համար: Այդ պայքարներում են ծնվել մեր ժողովրդի այն հերոսական զավակները, որոնց սխրանքների արդյունքն այսօրվա Անկախ Հայաստանի Հանրապետությունն ու Ազատ Արցախն է: Սակայն հայերը ոչ միայն պայքարել են իրենց ազատության և անկախության համար, այլ մասնակցություն են բերել համաշխարհային անվտանգության ապահովմանը, այլ ժողովուրդների խաղաղության կերտմանը: Շատերին է հայտնի հայ ժողովրդի քաջարի զավակների հերոսական մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին ոչ միայն Խորհրդային Միության, այլև դաշնակից պետությունների զորքերի կազմում: Այսօր մենք ներկա ենք մի ցուցահանդեսի բացման, որը ներկայացնում է հայերի նվիրական ծառայությունը Լեհաստանին, դրա պաշտպանությանն ու անվտանգությանը»:
Վարշավայի բանակի թանգարանում բացված ցուցահանդեսը կգործի մինչև 2015 թվականի նոյեմբերի 27-ը՝ հնարավորություն տալով թանգարանի բոլոր այցելուներին ծանոթանալ նաև Լեհաստանի ծառայություններ մատուցած հայ զինվորականների անցյալին և գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
16:08 23-04-2015
«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդես ԵԽԽՎ-ում
1090 դիտում
19:31 28-03-2015
«Նրանք ընկան» խորագրով անհատական ցուցահանդես է բացվել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»