211652_close_icon
views-count1361 դիտում article-date 19:05 02-12-2015

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել նաև դատափորձագիտական գործունեության ոլորտը: «Հայաստանում այս ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել, ինչը պայմանավորված է երկրում միջազգային առաջադեմ փորձի կիրառմամբ: Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը` քրեական, վարչական, քաղաքացիական գործերով, պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է»,- ասել է նախարարը և ընդգծել, որ դատական գործերով վարույթների շրջանակում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին: Նախարարը շեշտել է, որ դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել դատական փորձագետների դերը՝ ապահովելով փորձաքննությունների հավաստիության բարձր աստիճան և որակ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ դատափորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ:  «Փորձագետների գործունեության որակը և նրանց եզրակացությունները պետք է արված լինեն բացառապես գիտականորեն, արժանահավատ մեթոդների հիման վրա»,- ասել է դեսպանը և հավելել, որ այս նախագծով պետք է ամրապնդել արդար դատաքննության իրավունքներն ու իրավահավասարության սկզբունքը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկումը շարունակվել է շահագրգիռ կողմերի՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր