1573 դիտում
19:25 04-12-2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով. ֆոտոռեպորտաժ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
«Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց ձորում քիչ աշխատանքներ ունենք անելու, ամենևին՝ ոչ: Առաջին հերթին Վայոց ձորը մեր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկն է, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք է կատարվել՝ ենթակառուցվածքները զարգացնելու, նոր հյուրանոցներ կառուցելու, ճանապարհներ և այլն, և այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքները պետք է շարունակենք: Բայց նոր բարենպաստ հանգամանքներ են ի հայտ գալիս: Եվ այս հանգամանքները մենք պետք է օգտագործենք, որպեսզի չսահմանափակվենք միայն Ջերմուկի առողջարանային հնարավորություններով կամ էլ՝ Նորավանքի, Մոզրովի և Արենի քարանձավների հնարավորություններով:
Որոնք են այդ նոր հանգամանքները. առաջին՝ մենք արդեն ունենք պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ և մոտակա տարիներին Հանրապետությունում ներդնելու ենք 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ զուտ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Երկրորդ հանգամանքն այն է, որ Վայոց ձորի մարզով է անցնելու մեր կարևորագույն տրանսպորտային երակը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, ծայրից ծայր մարզով է կտրելու-անցնելու: Եվ այս երկու հանգամանքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք, այսպես ասած, ցանցային մոտեցում ցուցաբերենք զբոսաշրջությանը մարզում: Մարզը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երեք տարի առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդն ասում էր, որ մարզում կան հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ, իսկ փոքրիկ մարզում հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ ունենալը պատմամշակութային մեծ արժեք է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարծում եմ, շատ մեծ դժվարություն չի լավ տուրիստական երթուղիներ կազմակերպելը: Միջոցներն առկա են, հիմնական տրանսպորտային ուղիների խնդիրները մասամբ լուծվել են և լուծվելու են՝ վստահ եմ, որ առավելագույնը երեք-չորս տարիների ընթացքում այդ ճանապարհային խնդիրները լուծվելու են, և սա շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, որպեսզի մենք կարողանանք այս ոլորտը զարգացնել մարզում:
Ձեզ համար, իհարկե, զբոսաշրջությունը զուտ միայն մարզը ցույց տալը չէ: Զբոսաշրջություն՝ նշանակում է նաև գյուղատնտեսական ապրանքների սպառում, նշանակում է ընդհանրապես կյանքի աշխուժացում, ծառայությունների զարգացում և այլն: Մի հանգամանք ևս հնարավորություն է տալիս շատ լուրջ ազդելու մարզի տնտեսական զարգացման վրա: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքերի պաշարների շահագործման մասին է: Եվ չնայած արդեն երկար տարիներ՝ երևի 8-9 տարի, խոսում ենք այդ հանգամանքի մասին, և ոչ միայն խոսում ենք, այլ նաև մեծ աշխատանք է կատարվել միջազգային բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ, կարծում եմ, որ արդեն մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է 2016թ.-ի գարնանից սկսել գործարանի կառուցումը: Իսկ Վայոց ձորի համար դա նշանակում է հազարից ավելի լրացուցիչ աշխատատեղ, ինչը, կարծում եմ, նույնիսկ մի քիչ ավելին է լինելու, քան պահանջարկն է: Այս առումով, մարզպետը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն երկու կարևորագույն խնդիր՝ Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարների հետ միասին մշակել տուրիզմի զարգացման ժամանակակից և արդյունավետ ծրագիր: Երկու նախարարներն էլ տեղյակ են, կարող եք հենց վաղվանից այդ ուղղությամբ աշխատել: Եվ երկրորդ՝ մենք բնապահպանական փորձաքննությունների վրա, իրոք, երկար ժամանակ ենք աշխատել՝ գործարանի տեղի ընտրման համար բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան միջոցառումներ նախատեսելով՝ կապված հանքի շահագործման հետ: Մարզպետարանի և երեք համայնքների խնդիրն է՝ որևէ միլիմետր անգամ չզիջել բնապահպանական խնդիրներում, նախագծին համապատասխան, նորից եմ կրկնում, որևէ միլիմետր չզիջել, բայց փոխարենը՝ այս դիրքորոշումը փոխհատուցել մնացած բոլոր խնդիրների շատ արագ և որակով լուծելով բոլոր այն հարցերը, որոնք կապված են հանքավայրի շահագործման և գործարանի կառուցման հետ:
Սրանք շատ կարևոր խնդիրներ են: Եվ վերջին հարցը, որն իր կարևորությամբ վերջինը չէ, խոսքս վերաբերում է մարզում առողջապահական համակարգի զարգացմանը: Ուզում եմ, որ վստահ լինեք՝ տարածքների համաչափ զարգացման ծրագիրն իրականացնելիս, մասնավորապես մարզերում առողջապահական խնդիրները ժամանակակից ձևով լուծելու այդ ճանապարհին, մենք Վայոց Ձորը ոչ թե մոռացել ենք կամ փոքրության պատճառով դուրս թողել ծրագրից, այլ միայն ու միայն ելնելով նրանից, որ Վայոց ձորում բուժհաստատություններն այդքան շատ վատ վիճակի մեջ չէին՝ ի համեմատ մյուս մարզերի: Բայց Առողջապահության նախարարն արդեն խնդիր ունի մարզում սկսել այս ծրագրի իրականացումը: Մոտակա ժամանակներում նա ձեզ կասի, թե երբ: Այստեղ ևս պետք է լինել օժանդակողի և հուշողի դերում՝ ո՞ր հիվանդանոցից, բուժհաստատությունից ենք առաջինը սկսելու և կոնկրետ ի՞նչ ժամկետներում ենք ավարտելու:
Ես մի այսպիսի ցանկություն ունեմ, որ գոնե 2020թ. մենք ունենանք Վայոց Ձորում զբոսաշրջային վայրերի փոխկապակցված լայն ցանց, որտեղ մասնավորը կարողանում է մատուցել բարձորակ ծրագրեր, առավել ևս, որ դա է մեզ պարտադրում նաև աշխարհաքաղաքական վիճակը: Եթե մենք ապահով երկիր ենք, եթե այլ երկրներում խոչընդոտեր են առաջանում, ինչու՞ մենք չօգտվենք այս հանգամանքից: Եվս մի խնդիր՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ցավոք, Վայոց ձորի մարզում չօգտագործվող վարելահողի չափաբաժինը մեծ է: Սա ևս զարմանալի է, որովհետև շատ լավ պտուղ, լավ բանջարեղեն, հացահատիկ եք միշտ աճեցրել, ի՞նչն է խնդիրը: Մենք շուկայականից զգալի էժան գնով վառելիք ենք տալիս, պարարտանյութ ենք տալիս, սերմացու ենք տալիս, մթերելու առումով տրանսպորտային խնդիրներ չունեք: Պետք է այս խնդրին ուշադրություն դարձնել և ամեն տարի ավելացնել, այսինքն՝ խթաններ պետք է լինեն, որ ավելացվեն: Ես գիտեմ՝ ոմանք կասեն՝ «Արենի» տեսակի խաղողը շատ բարձր գնով չեն մթերում և այլն, և այլն: Նախ` «Արենին» բոլոր համայնքներում չի տարածված, սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ եթե նախապես պայմանագրեր կնքեն մթերողների հետ, ապա ոչ մի գրամ խաղող, այդ թվում՝ նաև «Արենի» տեսակի, չի մնա, և գյուղացուն հոգս չի պատճառի: Գյուղացին պետք է այնպիսի արտադրանք արտադրի, որը պահանջված է սպառողի կողմից կամ վերամշակողի»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է ըստ ոլորտների Վայոց ձորի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված և ընթացիկ աշխատանքները, զարգացման ծրագրերը, հիմնախնդիրներն ու գերակայությունները և վստահեցրել, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ մարզպետարանը՝ համագործակցելով համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, կներդնի բոլոր ջանքերը՝ մարզում նախատեսված ծրագրերը ժամանակին և որակով իրականացնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հստակ ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և ինտենսիվ մշակությամբ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան թիրախային մեխանիզմների կիրառման հնարավորությունները:
Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ներուժի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել ՀՀ Վայոց ձորի մարզի պատմամշակութային և հնագիտական արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման հիմնական ուղղությունները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ողջ ընթացքում բնապահպանական փորձաքննությունների բոլոր պայմանների լիարժեք պահպանման և համապատասխան աշխատանքների վերահսկման ուղղությամբ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ուղղությունները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Վայքի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը