2020 դիտում
14:08 12-12-2015
Գագիկ Բեգլարյանը Կոտայքի մարզում ծանոթացավ հիմնանորոգված ճանապարհների վիճակին. տեսանյութ
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2015 թվականի մարտից մեկնարկել էին Կոտայքի մարզի Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 12կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Երկու տարվա համար նախատեսված աշխատանքը «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունը կատարել է 7-ամսում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց հիմնանորոգված ճանապարհահատված, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Ճանապարհի վերակառուցման ընթացքում շինարարները հիմքից փոխել են ճանապարհի հողային պաստառն ու երթևեկելի մասի պատվածքը, վերականգնվել են ջրահեռացման համակարգերն ու մայթերը: Գյուղտեխնիկայի անցումների համար ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են երկաթբետոնե սալեր: Հիմնանորոգվել է նաև Նոր Գեղիի դպրոց տանող ճանապարհը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ նորոգված ճանապարհ ունենալու երազանք գյուղացիները վաղուց ունեին և այս տարի, Ամանորի նախաշեմին՝ սա իսկական նվեր էր համայնքի բնակիչներին: «Մենք երկար ժամանակ երազում էինք, որ ճանապարհը նորոգվի, և ի վերջո դա իրագործվեց: Մենք բարձր ենք գնահատում կատարված աշխատանքը և Նոր Գեղիի բնակչության անունից հատուկ շնորհակալագիր ենք հանձնել նախարարին»,- նշեց Նոր Գեղի համայնքի ղեկավար՝ Ֆրոնտիկ Թևոսյանը։
Գագիկ Բեգլարյանին շնորհակալագրեր հանձնեցին նաև Կոտայքի մարզի Արգել և Կարենիս համայնքների ղեկավարները:
Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով հիմնանորոգվել է նաև Արգել-Կարենիս-Չարենցավան 5.3 կմ երկարությամբ ճանապարհը։ Հիմքից կառուցված նոր ասֆալտապատ ճանապարհին զուգահեռ ճանապարհի ոլորանների հատվածում վերականգնվել են հենապատերը, նորոգվել են 2 կամուրջները։ Վերականգնված հատվածն անցնում է Արգել հիդրոէլեկտրակայանով: Ասֆալտապատվել է նաև Արգելի համայնքի եկեղեցի տանող ճանապարհը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ այս ճանապարհահատվածը վերակառուցելու խոստումը տրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականին բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Երկու տարի անց ճանապարհն արդեն հանձնվեց շահագործման:
«Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը մեզ խոստացավ, որ ճանապարհն անպայման կկառուցվի, և ինքն այսօր իր խոսքի տերն է։ Շատ շնորհակալ ենք Նախագահին, որ այսպիսի գեղեցիկ, որակով ճանապարհ նվիրեց մեր գյուղերին։ Արգելը Չարենցավանին կապող այս միակ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Գյուղացին իր բերքը 10 կմ հեռավորությամբ գտնվող Չարենցավանը թողած, գնում էր Երևան, քանի որ չէր կարողանում հին ճանապարհով անցնել»,- ասաց Արգել համայնքի գյուղապետ Մաթևոս Ավագյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցնող տարում նախարարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեի տրամադրած գումարներով ամբողջ հանրապետությունում վերակառուցել և հիմնանորոգել է շուրջ 178կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:
«Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրով 2015-2016 թվականներին մենք պետք է կառուցեինք, հիմնանորոգեինք մոտ 135կմ ճանապարհ։ Այս տարի մենք աշխատանքների 90 տոկոսն ավարտել ենք։ 2016-ին կառուցելու համար մնացել է 10-ը կմ: Բացի դրանից, մենք բյուջեի հատկացումներով ունենք 45կմ, որի շինարարությունը լրիվ ավարտել ենք: Այս տարի կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցել ենք 170-178կմ ճանապարհ»,- ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Ճանապարհները կառուցվել են բարձր որակով. թե լաբորատոր քննությունները, թե որակի տեխհսկողություն իրականացնող ընկերության մասնագետները, թե շինարարները վստահեցնում են՝ հիմնանորոգված ճանապարհները երկար կծառայեն:
Ի դեպ, դրանք կառուցվել են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիաներով, նորարարական մոտեցումներով:
«Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլլերը նշեց. «Որպես շինաշխատանքների որակը վերահսկող ընկերության ներկայացուցիչ ես հպարտ եմ, որ մենք էլ մի մասն ենք որակյալ այս աշխատանքի: Նման աշխատանքի ապահովման համար թե աշխատանքների պատվիրատուն, թե շինարարը, թե տեխհսկողները պետք է աշխատեին մեկ ընտանիքի նման. մեզ դա հաջողվել է: Այս տարվա ընթացքում նման որակյալ ճանապարհներ կառուցվել են նաև Հայաստանի այլ բնակավայրերում ևս, ինչի համար ես շատ ուրախ եմ»:
Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց.
«Որակը, ինքներս էլ տեսնում ենք. ապահովել ենք շատ կարևոր որակ, որի համար ես շինարարներին ուզում եմ շնորհակալություն հայտնել: Անընդհատ, ինչպես այլ ոլորտներում, մեր ոլորտում ևս կան զարգացումներ, նորամուծություններ, նոր տեխնոլոգիաներ, ինչու չէ՝ նաև նոր տեխնիկա»:
Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները հաջորդ տարիներին ևս կշարունակվեն: Այս տարվա նոյեմբերին Համաշխարհային բանկն ու ՀՀ կառավարությունը ստորագրեցին 40 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որը 10 մլն դոլարով կհամաֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից: Դրանով նախատեսվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրի» երկարաձգում՝ մինչև 2019 թվականի ավարտը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
13:56 28-08-2015
Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին. տեսանյութ
2063 դիտում
17:08 16-01-2014
Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգել է ճանապարհների անցանելիությունը. տեսանյութ, ֆոտոշարք
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված