3532 դիտում
22:57 16-12-2015
Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը ընդգրկվել է Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում
2015 թ. դեկտեմբերի 10-ին Հաագա և Լյուքսեմբուրգ քաղաքներում Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը հայտարարել են 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը, որոնք ընդգրկվել են 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում:
Նշյալ ցանկը կազմվել է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարված ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանները և տեսարժան վայրերն ընտրված են եվրոպական 14 երկրներից՝ Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը՝ Հայաստան, Արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը՝ Թուրքիա, Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ՝ Միացյալ Թագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ-բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի-Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա:
Նշված հուշարձաններից և տեսարժան վայրերից մի քանիսի խիստ վտանգված վիճակն առաջացել է անփույթ վերաբերմունքի, իսկ մյուսներինը՝ միջոցների կամ հուշարձանների պահպանության փորձի բացակայության հետևանքով: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը Եվրոպա Նոստրա կազմակերպության կողմից կներկայացվի Վենետիկում 2015 թ. մարտի 16-ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:
14-ի ցանկում ընդգրկվել են եվրոպական ժառանգության այն հուշարձաններն ու տեսարժան վայրերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ արժեք և խիստ վտանգված են: Այս հուշարձանները վտանգից փրկելու ուղղությամբ կարևորվել և գնահատվել է նաև տարբեր պետական, հասարակական և մասնավոր կողմերի հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը: Ցանկում ընդգրկված նշյալ հուշարձաններն ու տեսարժան վայրերը կարող են նաև խթանել իրենց տարածաշրջանների կայուն զարգացման գործին:
2016 թվականի «7 առավել վտանգված» ծրագրի համար առաջարկությունները ներկայացվել են քաղաքացիական հասարակությունների կամ պետական մարմինների կողմից, որոնք Եվրոպա Նոստրա հսկայական ցանցի անդամ են և ասոցիացված կազմակերպություններ ամբողջ Եվրոպայից: 7 հուշարձանների և տեսարժան վայրերի վերջնական ցանկը կընտրվի Եվրոպա Նոստրայի խորհրդի կողմից:
«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպա Նոստրայի կողմից Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի՝ որպես հիմնադիր գործընկերոջ, և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի՝ որպես համագործակցող գործընկերոջ հետ միասին: Այն կյանքի է կոչվել շնորհիվ նախկինում հաջողություն ունեցած նմանատիպ ծրագրի, որն իրականացրել էր ամերիկյան Պատմական հուշարձանների պահպանության ազգային ֆոնդը: «7 առավել վտանգվածը» ֆինանսավորման ծրագիր չէ. այն նպատակաուղղված է համակարգել հուշարձանների պահպանումը և դրանց հետագա օգտագործումը: «7 առավել վտանգված» ծրագրին աջակցում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը՝ որպես Եվրոպա Նոստրայի 3-ամյա ցանցային ծրագրի «Ժառանգության ուղղորդում» մաս:
«Եվրոպա Նոստրան ողջունում է ճանաչման աճողականությունը Եվրոպական Միության ինստիտուտների կողմից, այդ թվում նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից, երբ մշակութային ժառանգությունն իրապես ապավինում է Եվրոպային: Մեր «7 առավել վտանգված» իրազեկման ծրագիրն ունի մեծ նշանակություն, սակայն նպատակներին կարելի է հասնել Եվրոպական միության ինստիտուտների ընդգրկուն աջակցությամբ և պետական ու մասնավոր տարբեր գործընկերների համատեղ գործունեության շնորհիվ: Հետևաբար մենք հույս ունենք, որ նրանք կաջակցեն Եվրոպա Նոստրային և մեր անդամները կփրկեն ու նոր կյանք կտան մեր ընդհանուր ժառանգությանը»,- հայտարարել է Եվրոպա Նոստրայի գործադիր նախագահ Դենի դե Կերգորլեյը:
«Եվրոպական ներդրումային բանկի փորձագետները կայցելեն և կվերլուծեն ընտրված «7 առավել վտանգված» հուշարձանները և կնպաստեն իրական գործողությունների ծրագրերի մշակմանը: Առավելությունը կտրվի այն հուշարձաններին, որոնք առավել արժեքավոր և խիստ վտանգված են: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հատկապես կարևորվում են տեղական և ազգային սեփականությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտրված վթարային օբյեկտների պահպանությանը միասնականորեն աջակցելուն և ապահովելուն»,- ավելացրեց Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի դեկան Գայ Կլոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպա Նոստրային անդամակցում է 2012 թվականից: Տարբեր տարիներին ՀՀ մշակույթի նախարարության կողմից Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի (2013 թ. և 2015 թ.) հայտերը, որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում: 2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրին, իսկ 2015 թ. «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է Եվրոպա Նոստրայի մրցանակին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում:
«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին` 2015 թ. արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրոպա Նոստրա կազմակերպության պաշտոնական կայքէջը:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
18:23 13-03-2014
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը՝ «Եվրոպա Նոստրա»-ի` 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»