40810 դիտում
17:04 17-12-2015
Լարված իրավիճակ Աջափնյակ վարչական շրջանում. ըստ բնակիչների՝ «Ապեր» մականվամբ փոխթաղապետը սպառնացել է 20 ընտանիքի ձյուն-ձմեռով գցել դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Շուրջ 20 ընտանիք կամ 150-ից ավելի մարդ ձմռան այս ցրտին դրսում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած:
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Կռունկ» ՓԲԸ-ին պատկանող հանրակացարանից բնակիչներին դուրս են հրավիրում: Սեփականատերերն եկել են ու ասել, որ շենքը պիտի վաճառեն, իսկ թե ուր կգնան այդ ահասարսուռ հանրակացարանում 10, 20 եվ նույնիսկ 30 տարի բնակվողները, սեփականատերերին չի հուզում:
Բնակիչները միայն մինչև հունվարի 15-ը ժամանակ ունեն: Ասում են՝ սեփականատերերը հանրակացարանում ապրողներից միայն մի մասին են շենքից դուրս գալու համար 2 տարվա տան վարձ տրամադրում, մյուսներին դուրս են հրավիրում, այսպես ասած, դատարկաձեռն` հաշվի չառնելով ոչ անկողնային հիվանդներին, ոչ երեխաներին և ոչ էլ հանրակացարանային սենյակներում նրանց բնակության տարիները:
Հանրակացարանի բնակիչներից ներկայում սահմանին ծառայողներ կան: 3 երիտասարդ էլ այս զորակոչին պիտի բանակ գնա, բայց հրաժարվում են: Ասում են, որ եթե հայրենիքում իրենց ուղղակի փողոց են նետում, ո՞ւմ համար պիտի ծառայեն: Մինչ այժմ պարտաճանաչ վճարել են կոմունալ բոլոր վճարները ու առանց այդ էլ ապրել են սարսափելի պայմաններում, բայց դրսում հայտնվելու միտքը ավելի սարսափեցնող է: Պատկան մարմիններին, ասում են, դիմել են ու դեռ ոչինչ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ու զայրացած ասում էին. «Գնացել ենք Աջափնյակի թաղապետարան, թաղապետի տեղակալը, ով ավելի շատ հայտնի է «Ապեր» մականվամբ, փոխարենը իր բնակչին լսի, դարդին դարման անի, մի բան էլ հոխորտում ու սպառնում է, թե՝ սաղիդ դուրս եմ շպրտելու, գնացեք, որտեղ ուզում եք, ոնց ուզում եք, ապրեք, կրակն ե՞նք ընկել, որ կոմունիստների վախտվանից ըտեղ եք ապրում»:
Մի քանի բնակիչներ էլ ասում էին. «Եթե այպես շարունակվի, այլ ելք չկա՝ ստիպված պետք է դիմենք ծայրահեղ միջոցների՝ մեր նաֆարով մեկ կյանքին վերջ տանք: Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մարդիկ ապրեն քարե դարի օրենքներով: Հետո էլ կառավարությունը սփյուռքի հայերին հրավիրում է Հայաստան՝ ապրելու, մինչդեռ տեղացիներիս հետ են ինչ-որ «Ապերներ» անմարդկային վերաբերվում: Մեր հույսը կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն են, քանի որ Աջափնյակի թաղապետարանը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Աջափնյակի վարչական շրջանի պատասխանատուների տեսակետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+