90012 դիտում
11:37 11-05-2019
Լարված իրավիճակ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. իրեն հոգևորական համարող «Սիլոտը» փորձում էր վերացնել զբոսայգին, մանկական խաղահրապարակը. բնակիչների ահազանգին օպերատիվ արձագանքել են Աջափնյակի թաղապետն ու քաղաքապետարանի բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 13-Արզումանյան 4 շենքերի և նշված շենքերի հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որ վաղ առավոտից ինչ-որ անձինք սկսել են ոչնչացնել բնակիչների կողմից ստեղծված ու պահպանված կանաչ զանգվածը, որը բնակիչների կողմից օգտագործվում էր նաև որպես զբոսայգի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգին օպերատիվորեն արձագանքել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը և Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, որոնց շնորհիվ ժամանակավորապես կասեցվեցին նշված վայրում աշխատանքները։ Սակայն, մինչ թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների ժամանումը, արդեն կանաչ զանգվածի ահագին հատվածի «հերն անիծել էին»։
Բնակիչները նշում էին, որ իրենք կյանքի գնով են պահել այդ տարածքը, նույնիսկ թաղապետարանի հետ կատարել են ծառատունկ, և թաղապետարանը նշված վայրում տեղադրել է ճոճանակներ, զրուցարան և իրենք միշտ այս հատվածում անցկացնում էին իրենց հանգիստը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ. Դարբինյանի հանձնարարականով արդեն սկսվեցին նյութեր նախապատրաստվել, որպեսզի, ով կատարել է այս գործողությունները, վարչական պատասխանատվության ենթարկվի։ Գործողությունները կատարողն էլ ասում էր, որ իր գործողություններն անօրինական չեն, նշված վայրում օբյեկտ կառուցելու համար իրեն ժամանակին շինթույլտվություն է տվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իսկ հետո արդեն շինթույլտվությունը երկարացրել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Բնակիչների հետ հանդիպմանը թաղապետ Գ. Բաբայանը հայտարարեց, որ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է, մինչև քաղաքապետարանն ու թաղապետարանը կուսումնասիրեն խնդիրը, իսկ թաղապետն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ թե՛ ինքը, թե՛ քաղաքապետարանը դեմ են նման վայրերում շինությունների կառուցմանը, և եթե հարկ լինի, իրենք կդիմեն դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվի նախկին քաղաքապետերի տված որոշումները և տարածքն օգտագորվի՝ ի շահ բնակչի։
Այս պահին տեխնիկան հեռացվեց դեպքի վայրից, և բնակիչներն ու թաղապետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները պայմանավորվեցին երկուշաբթի, ժամը 13։00-ին հանդիպել և տեղում քննարկել խնդիրը։
Բնակիչները հույս ունեն, որ Երևանի քաղաքապետարանն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մինչև վերջ կպայքարեն, որպեսզի կանաչ զանգվածը չվերանա և այն ծառայի՝ ի շահ բնակչի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներին տեղում հադիպեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը, ով տեղեկացրեց նաև, որ ինքը նույնպես կանգնելու է բնակիչների թիկունքին, քանի որ նրանց բարձրացրած խնդիրը ի շահ բնակչի է, ի շահ երևանցու։
Մի քանի բնակիչներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էս ամեն ինչի «կնքահայրը» Վարդանն է, ով հանրությանն ավելի շատ հատնի է «Սիլոտ» մականվամբ, ու զարմանում ենք, որ նման մարդը ժամանակին ուզում էր Աջափնյակի թաղապետ դառնալ։ Պատկերացնում ենք, եթե նա ընտրվեր թաղապետ, մենք մեր հացը կուտեինք։ Եթե թաղապետ չի, էս ձևի ոտնձգություն է կատարում բնության նկատմամբ, բա թաղապետ լիներ, ի՞նչ կաներ։ Գոհ ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, ում հանձնարարականով քաղաքապետարանի պաշտոնյաները ժամանեցին, շնորհակալ ենք նաև Աջափնյակի թաղապետ Գ. Բաբայանին, ով նույնպես օպերատիվ արձագանքեց ու եկան, կանխեցին Սիլոտի հետագա քայլերը, ու հիմա տեսնենք՝ հետագայում ինչ կլինի»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+