211652_close_icon
views-count2487 դիտում article-date 11:08 23-12-2015

Սարգսյան-Ալիև հանդիպումը կմոտեցնի երկրները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը երկու երկրներին կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է Ria Novosti-ն: «Գլխավոր քարտուղարը գտնում է, որ հանդիպումը կողմերին հնարավորություն է ընձեռել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կրճատելուն, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազելուն ուղղված գործնական քայլերը, մշակել ուղիներ, որպեսզի մոտեցվի գործընթացը»,-ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Նա նաև կոչ է արել Բաքվուն ու Երևանին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ իրավիճակը հետագա սրումը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծմնալ նոր բռնությունների հանգեցնող գործողություններից: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:

Նմանատիպ նյութեր