211652_close_icon
views-count1576 դիտում article-date 19:20 23-12-2015

Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նմանատիպ ընտանիքներ են այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ, հանձնել օրորոցները, նաև ընտանիքում առկա երեխաների թվին համապատասխան քաղցրավենիքով լի ամանորյա փաթեթներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ հատկապես բազմազավակ ընտանիքների մայրերը նշել են, որ օրորոցների կարիքը իսկապես կար ու այն, ըստ էության, դարձավ Ամանորի սպասված նվեր:

Նմանատիպ նյութեր