211652_close_icon
views-count1472 դիտում article-date 15:34 28-12-2015

Տարոն Մարգարյանը բնակարանների բանալիներ հանձնեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող հերթական ընտանիքներին: Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող այս ընտանիքները Ամանորը կդիմավորեն Շինարարներ փողոցի 15 հասցեի նորակառույց շենքում: Ընթացիկ տարում սա չորրորդ շենքն էր, որ հանձնվեց շահագործման: Ծրագրի շրջանակում հանրապետության նախագահի աջակցությամբ ու քաղաքապետարանի հետևողական քաղաքականության շնորհիվ այս տարի ամբողջությամբ լուծվեց 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: «Այսօր մենք ամփոփեցինք մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող անչափ կարևոր մի ծրագիր, որը տարիներ շարունակ անլուծելի էր թվում: Սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանի որ լուծվեց շուրջ 650 ընտանիքների ամենաառաջնահերթ խնդիրը և նրանք 2016-ի Ամանորը դիմավորում են նոր, կոմունալ բոլոր հարմարություններով ապահովված, անվտանգ ու ապահով բնակարաններում: Համոզված եմ, որ այդ ընտանիքների համար ամանորյա ավելի լավ նվեր չէր կարող լինել: Պետք է ասեմ, որ այս ծրագրով մենք լուծեցինք ամենախիստ անհրաժեշտության խնդիրը և հետագայում, իհարկե, արդեն կփորձենք քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում առկա տարբեր վթարայնության շենքերի ամրացման հետ կապված ևս: Նաև հաշվի առնելով, որ Ամանորի նախաշեմին ենք, շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների առթիվ ու մաղթում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, համերաշխության, վերելքի ու բարօրության տարի»,- ընդգծել է քաղաքապետը: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես եղել և լինելու է մայրաքաղաքի բնակիչների կողքին ու շարունակելու է հետզհետե լուծումներ տալ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներին: Քաղաքապետը շրջել է բնակարաններում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության ներքո, ինչին հաճախ Տարոն Մարգարյանը հետևել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ բնակիչները նշել են, որ քաղաքապետից ստանում են Ամանորի ամենասպասված նվերը: Տարոն Մարգարյանն էլ, իր հերթին շնորհավորելով նոր բնակարանների երջանիկ տանտերերին, մաղթել է, որ նոր բնակարաններն այս ընտանիքների համար դառնան նորանոր հաջողությունների սկիզբ:

Նմանատիպ նյութեր