211652_close_icon
views-count41282 դիտում article-date 15:38 30-12-2015

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. տարբեր իրերով բարձված բեռնատարը հայտնվել է բնակչի այգում ու տան մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցնեը՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Կոնստանտինո Գագրայինը իր վարած MAN մակնիշի CA5377 AM համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ուշիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Համբարձում Մարկոսյանին պատկանող այգում, ինչի պատճառով էլ վնասվել է Հ. Մարկոսյանի օժանդակ կառույցը՝ փլելով պատը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հովացման աշխատանքներ և վարորդին պատգարակով մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդը գտնվում է կայուն վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել մեծ թվով տարբեր տեսակի ապրանքներով և այն շուռ գալով՝ ապրանքներն ամբողջովին ցաք ու ցրիվ է արել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր