138145 դիտում
20:17 18-01-2016
Արտակարգ իրավիճակ Արագած-Արթիկ ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենաներ և մոտ 200 քաղաքացի մնացել են ձնաբքի տակ. տեղում են միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. տեղի «Ճանշին»-ի մեղքով ճանապարհը վերածվել է «լոբու մարգի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է ` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագած-Արթիկ ավտոճանապարհին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 60-ից ավելի տրանսպորտային միջոց մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել:
Քաղաքացիների թիվն անցնում է 200-ը, որոնց մեջ կան կանայք, երեխաներ, մեծահասակներ:
Տեղում են միայն ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարները, ովքեր ՃՈ աշխտակիցների և քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ կարողացել են մի քանի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքի տակից, սակայն ձեռքով անհնար է աշխատանքներ կատարել, քանի որ նշված հատվածում սառնամանիք է, ձյուն է տեղում, իսկ քամին էլ իր սև գործն է անում:
Ճանապարհը սպասարկող Արագածի Ճանշինը, որի ղեկավարն է Ռաֆիկ Մարտիրոսյանը, չի բարեհաճում ժամանել նշված վայր, քաղաքացիներն էլ ամենավերջին խոսքերով հիշում են նրան:
Մի քանի քաղաքացիներ էլ ասում էին. «Ճանապարհը պետք է մաքրի «Լոբին», նկատի ունենալով Ռ. Մարտիրոսյանին, քանի որ նրա ածական անունը «Լոբի» է, բայց էնքան չի մաքրել, որ 5-6 կմ ճանապարհին առաջացել են «լոբու մարգեր», երևի տեղի Ճանշինի ղեկավարը ուզում է այս ճանապարհները համապատասխանեցնել իր մականվանը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհը տեղի ճանշինականների շնորհիվ մաքրվել է և մեքենաները կարողանում են անվտանգ երթևեկել, իսկ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի առաջի հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և մեքենաների անվադողերը պարտադիր լինեն ձմեռային:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+