10734 դիտում
23:09 01-02-2016
Տաշիր քաղաքում դատարանի 27-ամյա կարգադրիչը BMW-ով վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 31-ին, Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 15:30-ի սահմաններում Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկ Դավթյանը Տաշիր քաղաքի Երևանյան և Էրեբուի փողոցների խաչմերուկում իր վարած BMW մակնիշի 26 ՕՍ 940 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տաշիր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 21-ամյա Հայկուշ Բաղդասարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Տաշիրի բժշկական կենտրոն:
Վրաերթի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը` Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Հ. Դավթյանը աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության Տաշիրի դատարանում` որպես դատական կարգադրիչ:
Տաշիրի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան, իսկ BMW-ն տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի