10788 դիտում
13:22 03-02-2016
Վանաձորում քրոջ նախկին ամուսինը կասկածվում է աներորդուն դանակահարելու մեջ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 27-ամյա Լևոն Խաչոյանն է, ով հայտնել է, թե վնասվածքը ստացել է իրենց բակում՝ ավտոտնակում վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել Լ. Խաչոյանի ու Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 29-ամյա Սարգիս Գրիգորյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է նրան, իսկ հետո դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Լ. Խաչոյանի հոր՝ Աշոտ Չախոյանի ներկայությամբ: Իսկ Ս. Գրիգորյանը Լ. Չախոյանի քրոջ՝ 25-ամյա Լիլիա Գրիգորյանի նախկին ամուսինն է: Լ. Գրիգորյանն աշխատում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ Ս. Գրգորյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ այս պահին վիրավորն իր վիճակի չէ հայտարարություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: