211652_close_icon
views-count3101 դիտում article-date 09:13 04-02-2016

Դաշնակ առնելու արվեստը. «168 Ժամ»

«168 ժամ» թերը գրում է. «Վերցրեք խնդրեմ, ա՛յս, ա՛յս, ա՛յս նախարարների և ա՛յս, ա՛յս մարզպետների պաշտոնները, կարելի է մտածել նաև մեկ-երկու փոխնախարարի մասին….», «Ո՛չ, ո՛չ, պարոն նախագահ, մենք պաշտոններ չենք ուզում, մենք ձեզ հետ խոսում ենք միայն սկզբունքների մասին…», «Ի՞նչ սկզբունքներ…», «Պաշտոններ ստանալու»: Սա Դաշնակցություն-Սերժ Սարգսյան բանակցությունների մոտավոր պատկերն է: Համենայնդեպս, հենց այսպես են ներկայացնում դաշնակցականները, որոնք վերջին օրերին ՀՀԿ-ին, պատահմամբ թե գիտակցված, «կպնելուց» ու համապատասխան հարված ստանալուց հետո այնքան են հեզացել, որ սկսել են բառի բուն իմաստով՝ «մուննաթ» գալ լրատվամիջոցների վրա՝ իրենց ազգանվեր, ազգափրկիչ, ինքնակործան նվիրումը ՀՀԿ-ին՝ որպես պաշտոնների շուրջ առևտուր ներկայացնելու մեջ: Այն դեպքում, երբ իրականում այդ երկու կուսակցությունների մեջ տեղի ունեցողը հենց քաղաքական առևտուր է՝ բառի ամենաուղիղ իմաստով: Դաշնակցությունը դեռևս անցած տարվանից՝ եռյակ-քառյակի պառակտման գործում իր ծանրակշիռ լուման ներդնելուց, ապա՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ դրա անցկացման ընթացքում թույլ տրված կեղծիքները պաշտպանելու դիմաց փոխհատուցում է ուզում Սերժ Սարգսյանից: Դա գուցեև նորմալ է, թեև չի ենթարկվում քաղաքական որևէ տրամաբանության: Բայց աննորմալ է, երբ այդ պարզ առևտուրը հասարակության վրա փորձ է արվում վաճառել՝ որպես «ազգի ու երկրի դարդերով մտահոգված» ուժի քայլ, որը զոհողության է գնում՝ իբրև թե՝ հանուն պետության ու ժողովրդի: Զոհողության է գնում՝ մի ուժի հետ միավորվելով, որին ընդամենը մի տարի առաջ նույն ինքը՝ Դաշնակցությունը, մեղադրում էր երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելու համար: Թե ինչ է լինելու Դաշնակցության հետ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, դժվար չէ կռահել: Հեռուն գնալ պետք չէ՝ օրինակներն աչքներիս առաջ է: Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե ինչ-ինչ պատճառներով Սերժ Սարգսյանը որոշի Դաշնակցությանը զրկել պատասխանատվություն ստանձնելու ծանր բեռից և հայտարարի, որ ոչ մի կոալիցիա էլ չի կազմվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր